Հուսիտներ
From Wikipedia, the free encyclopedia
Հուսիտներ (չեխ․՝ Husite), ուշ միջնադարի չեխական ռեֆորմիստական կրոնական, ինչպես նաև որոշ չափով ազգային, սոցիալական և քաղաքական շարժառիթներով պայմանավորված շարժման հետևորդներ։ Հուսիտները առաջացել են Պրահայի համալսարանի մագիստր Յան Հուսի կողմնակիցների շրջանակից, որին այրելուց հետո` 1415 թվականին նրանք զանգվածաբար տարածվել են Չեխիայի թագավորությունում և Մորավիայի մարկգրաֆությունում (և մասամբ Վերին Սիլեզիայի իշխանություններում) և սկսել են զգալի ազդեցություն ունենալ Կենտրոնական Եվրոպայի պատմության վրա։
Հուսիտներ | |
---|---|
Դրոշ | |
Տեսակ | կրոնադավանանք և քաղաքական շարժում |
Յան հուս | |
Hussites Վիքիպահեստում |
Հուսիտներն իրենց անվանում էին «հավատավոր» (այսինքն՝ իրավամբ հավատացող) չեխեր կամ Աստծո ռազմիկներ։ «Հուսիտներ» տերմինը ի սկզբանե նվաստացուցիչ էր, և հիմնականում օգտագործում էին նրանց հակառակորդները, ովքեր նրանց ուսմունքը համարում էին հերետիկոսական, իսկ ավելի ուշ այն ձեռք բերեց չեզոք իմաստ։
Հուսիների գաղափարախոսության ձևավորման վրա ազդել են Ջոն Ուիքլիֆի, վալդենսների և չեխ բարեփոխիչ Մատթեոս Յանովի հայացքները։ Արմատական հուսիտները ժխտում էին Եկեղեցու հեղինակությունը և որպես հավատքի միակ հիմք ճանաչում էին միայն Սուրբ Գիրքը։ Չափավոր հուսիտները կոչ էին անում բարեփոխել Եկեղեցին, խորհուրդներն ընկալում էին հիմնականում կաթոլիկ ոգով, բայց պահանջում էին պարզեցնել պատարագը և ներդնել չեխերեն ժամերգություններ։