Հյուսիսային բևեռ
From Wikipedia, the free encyclopedia
Հյուսիսային բևեռ կամ Աշխարհագրական հյուսիսային բևեռ, այն կետը, որտեղ Երկրի պտտման առանցքը հատում է նրա մակերևույթը Հյուսիսային կիսագնդում։ Գտնվում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի կենտրոնական մասում[1]։ Այն պետք չէ շփոթել Հյուսիսային մագնիսական բևեռի հետ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հյուսիսային բևեռ (այլ կիրառումներ)
Հյուսիսային բևեռը տրամագծորեն հակադիր է Հարավային բևեռին, որը գտնվում է Անտարկտիդայում։ Երկրի մակերևույթի ցանկացած այլ կետ Հյուսիսային բևեռի համեմատ միշտ գտնվում է հարավում[1]։ Հյուսիսային բևեռի աշխարհագրական կոորդինատներն են 90°00′00″ հյուսիսային լայնություն։ Այն աշխարհագրական երկայնություն չունի, քանի որ հանդիսանում է բոլոր միջօրեականների հատման կետը։ Հյուսիսային բևեռը նաև չի առնչվում որևէ ժամային գոտու։ Բևեռային ցերեկն ու բևեռային գիշերն այստեղ տևում են գրեթե վեց ամիս։
Հյուսիսային բևեռում օվկիանոսի խորությունը կազմում է 4261 մետր (համաձայն 2007 թվականին «Միր» ստորջրյա սարքի կատարած չափումների)[2] կամ 4087 մետր (համաձայն 1958 թվականին ամերիկյան «Նաուտիլուս» սուզանավի չափումների)[3]։
Հյուսիսային բևեռին ամենամոտ ցամաքը համարվում է կա՛մ Կաֆեկլուբեն կղզին, կա՛մ ATOW1996 կղզին, իսկ ամենամոտիկ բնակավայրը՝ Կանադայի Նունավուտ տարածաշրջանի կազմում գտնվող Էլսմիր կղզու Ալերտ բնակատեղին, որը հեռու է Հյուսիսային բևեռից 817 կմ-ով։
Հյուսիսային բևեռում միջին ջերմաստիճանը ձմռանը կազմում է մոտ -40 °C, իսկ ամռանը՝ մոտ 0 °C[1]: