Հանդուրժողականություն
From Wikipedia, the free encyclopedia
Հանդուրժողականություն, տոլեռանտություն, հանդուրժել (լատին․՝ tolerantia, համբերություն, համբերատարություն, դժվարությունների ինքնակամ ընդունում), սոցիոլոգիական տերմին, այլ աշխարհայացքի հետ հարմարվելու կարողություն։ Հանդուրժողականությունը ձեռնպահ լինել չէ, անտարբերություն չէ, համաձայն լինել չէ, ներողամտություն չէ, հարմարվողականություն չէ։ Միաժամանակ չի նշանակում ընդօրինակել խորթ աշխարհայացքը կամ կենսակերպը։ Հանդուրժողականություն նշանակում է ուրիշին իր սեփական աշխարհայացքով ապրելու իրավունք վերապահել։ Դա չի նշանակում լռել, այլ նշանակում է մեր էությանը խորթ վարքը, տարակարծությունը, այլ անձի ազատությունները հարգելով հանդերձ կարծիք արտահայտել, փորձել համոզել վերանայել տեսակետները, սակայն ստիպել, անզուսպ պայքարել կնշանակի անհանդուրժողականություն ցուցաբերել[1][2]։
Համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ Բուդդան է հռչակել հանդուրժողականության սկզբունքը որպես կրոնական հանդուրժողականություն։ Ըստ որի՝ ոչ ոք չի կարող պարտադրել կրոնական գաղափարներ, որքան էլ բարձր և ազնիվ նրանք թվան[3][4]։