Հայաստանի պետական տոներ և հիշատակի օրեր
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի Հանրապետության պետական տոները և հիշատակի օրերը Մեծանուն Լեզվաբան Հրաչյա Աճառյանը հավաստում է. որ «տոնը» բնիկ հայերեն բառ է և նշանակում է հասարակական հանդես, հանդիսավոր օր։ Հեռավոր անցյալում տոն է կոչվել աստվածներին մատուցած զոհը, զոհաբերվող կենդանին, որևէ հանդիսության նվիրված խնջույքը։ Ժամանակների հետ տոնի իմաստը սեղմվել է, կայունացել և ստացել նշանավոր դեպքի կամ իրադարձության առիթով տեղի ունեցող հանդիսություն կամ հանդիսավոր օր իմաստը։ Ազգային են կոչվում վաղնջական ժամանակներում ծնունդ առած տոները։ Օրինակ, մի քանի հազար տարվա հնություն ունեն Նավասարդյան տոները, որ հայ ժողովուրդը հանդիսավորապես նշում էր Բագրևանդ գավառում, Արածանի գետի ափին։ Այն նաև պետական տոն էր, որովհետև հայոց պետությունը հոգ էր տանում, որ այդ տոնը նշվի պատշաճ մակարդակով, նրան մասնակցում էին թագավորն ու թագուհին, արքունի զորքը, նախարարները, հայոց մեծամեծները։ Պատմության քառուղիներում հայ ժողովուրդը պահպանել է ազգային, պետական ու եկեղեցական մի շարք տոներ։ Որոշ տոներ էլ մոռացության են մատնվել։ Հայկական տոներին հատուկ են մեծ բազմությունների հավաքները, մրցախաղերը, ձիարշավները, երգն ու պարը, ասմունքը, փոխադարձ նվիրատվությունները, ճոխ ճաշկերույթները։ Դրանցում արտացոլվում են ազգային նկարագիրը, հայկական ոգուն բնորոշ դրսևորումները։ Պետական տոները հիմնականում արտահայտում են երկրի և ժողովրդի համար պատմական պահերը։
Հայոց ազգային սովորույթներից է ընտանիքի անդամների ծննդյան, ամուսնության տարելիցները, նրանց կյանքում տեղի ունեցած մյուս կարևոր իրադարձությունները հանդիսավորապես նշելը։ Հարազատների մասնակցությամբ անցկացվող ընտանեկան այդ տոնակատարությունները նպաստում են ընտանիքի ամրապնդմանը, տոհմական ավանդույթների պահպանմանը, հայրենի հողի հանղեպ սերն անշեջ պահելուն։ Հայոց պետական անկախության ներկա ժամանակաշրջանում բոլոր հնարավորություններն ստեղծվել են ընտանեկան այղ հանդիսությունների շարքում ներառել նաև ազգային, պետական ու եկեղեցական տոները, որոնք խորհրդանշում են մեր ազգային համերաշխությունը, մեր միասնական գոյամարտը, հայկական պետական կառույցի հաստատումը, մեր հազարամյա երազանքների իրականացումը։
Սակայն բոլոր նշանավոր իրադարձությունները չեն, որ ուրախառիթ են։ Կան նաև նահատակների, մարտիրոսների օրեր, մեռելոց օրեր, բոլորովին վերջերս էլ՝ Ազատամարտիկների հիշատակի օրեր։ Եկեղեցական կարևոր տոները կոչվում են նաև տաղավար (Սբ Ծնունդ, Զատիկ, Պայծառակերպություն Վարդավառ, Համբարձում, Աստվածածին Վերափոխում, Խաչվերաց)։