Համասեռականություն
From Wikipedia, the free encyclopedia
Նույնասեռականություն՝ ռոմանտիկ և սիրային զգացմունքի դրսևորում, սեռական պահանջմունք նույն սեռի կամ գենդերի անձանց միջև։ Որպես սեռական կողմնորոշում՝ նույնասեռականությունը նկարագրում է նույն սեռի անձանց միջև սեռական և սիրային (զգացմունքային) պահանջմունքներից բխող երկարատև հարաբերությունները։
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուշադրություն։ Այս հոդվածը կարող է պարունակել անձնական տեսություններ, վարկածներ կամ կարծիքներ։ Հոդվածից պետք է հեռացնել բոլոր այն պնդումները, որոնք հիմնված չեն վստահելի աղբյուրների վրա։ Մանրամասների համար տես քննարկման էջը։ |
Սեռական կողմնորոշում հասկացությունը, առհասարակ, վերաբերում է տղամարդկանց, կանանց կամ երկու սեռերի հուզական, ռոմանտիկ և (կամ) սեռական կայուն պահանջմունքներին։ Այն բնութագրում է անձի ինքնության կայացումը, որը պայմանավորված է վերոհիշյալ պահանջմունքների, դրանից բխող վարքի և հարաբերությունների և այդ պահանջմունքները ընդունող և ընկալող համայնքին պատկանելու ցանկությամբ[1][2]։։
Երկսեռականությունը (բիսեքսուալություն), տարասեռականությունը (հետերոսեքսուալություն) և նույնասեռականությունը (հոմոսեքսուալություն) «տարասեռականից նույնասեռական» միջակայքում հանդիսանում են սեռական կողմնորոշման երեք հիմնական դրսևորումները[1]։ Գիտնականները տարակարծիք են անձի սեռական կողմնորոշման ձևավորման հարցում։ Նրանց մի մասը նկարագրում են, որ մարդիկ այդպիսին ծնվում են, և որ սեռական կողմնորոշումը միայն սեռական հասունության ընթացքում է ի հայտ գալիս[3][4]։ Մյուս մասը՝ որ այն ժառանգական, հորմոնային և միջավայրի գործոնների փոխազդեցության արդյունք է[5][6][7], կամ որ այն չի համարվում անձի ընտրություն[5][6][8]։ Դեռ ոչ մի տեսություն չի ստացել համընդհանուր համաձայնություն։ Մի շարք այլ հետազոտություններում, նույնիսկ, անձի, հատկապես՝ տղամարդկանց, սեռական կողմնորոշման ձևավորման վրա ոչ սոցիալական, կենսաբանական գործոնների դերն է կարևորվում[9][10][11]։ Այնուամենայնիվ, չկա որևէ հիմնավորում, որ դաստիարակությունը կամ վաղ մանկության շրջանի իրադարձությունները կարող են սեռական կողմնորոշման ձևավորման մեջ որևէ դեր ունենալ[12]։ Չնայած նրան, որ որոշ մարդիկ նույնասեռականությունը համարում են անբնական[13], գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն մարդու սեռականության բնական դրսևորում է, և այլ անձանց վրա բացասական հոգեբանական հետևանքներ չի ունենում[1][14]։ Մի շարք հետազոտությունների համաձայն՝ հնարավոր չէ սեռական կողմնորոշումը փոխել՝ հոգեբանական միջամտությամբ[15][16]։
Նույնասեռ հարաբերությունների տոկոսային մասնաբաժինը դժվար է պարզել՝ ելնելով տարբեր պատճառներից։ Դրանցից մեկը նույնասեռականների մասին տվյալների բացակայությունն է և նրանց անձնական տվյալների գաղտնիությունը։ Նույնասեռականները «ինքնաբացահայտվում են» (Քամինգ աութ)՝ կախված հանրության հանդուրժողականության դրսևորումից, քաղաքական կամքից, անձնական ընտանեկան իրավիճակից և այլն։ Վերջինս հաճախ խոչընդոտվում է՝ պայմանավորված տարատեսակ խտրականության դրսևորումներով (օրինակ՝ հոմոֆոբիա)[17]։ Նույնասեռականությունը դրսևորվում է նաև մի շարք կենդանատեսակների մոտ[23]։
Շատ նույնասեռականներ հարատև հարաբերություններ են ունենում։ ԱՄՆ-ում առաջին անգամ նույնասեռականների մարդահամար է իրականացվել 2010-ական թվականներին հարցաթերթիկի միջոցով։ Քաղաքական կամքի և քաղաքական որոշակի գործողությունների արդյունքում հասարակության մեջ գրանցվել է նույնասեռականների տեսանելիության («ինքնաբացահայտման») աճ[24]։
Հոգեբանության տեսանկյունից ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց հարաբերությունները համարժեք են տարասեռ (հետերոսեքսուալ) հարաբերությունններին[2]։ Մարդկության պատմության ընթացքում այդպիսի հարաբերությունները և գործողությունները հանդիսացել են ինչպես հիացմունքի, այնպես էլ դատապարտման առարկա՝ կախված մշակույթից և սեռական կողմնորոշման դրսևորման ձևերից[25]։
19-րդ դարից սկսած՝ գոյություն ունի նույնասեռականների ազատությանը և հավասարությանը ուղղված համաշխարհային շարժում։ Դրա մեջ է մտնում նաև բռնության դեմ ուղղված օրենսդրությունը, ուսումնական հաստատություններում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող պատանիների և երիտասարդների պաշտպանությունը, երեխաների պաշտպանությունը սեռական ոտնձգություններից, խտրականության դեմ օրենսդրությունը, առողջապահության հասանելիությունը, որոշ դեպքերում (կամ երկրներում) նաև ամուսնական հավասարության հաստատումը, բանակում ծառայելու հավասարության հնարավորությունը և այլն։
Սեռական կողմնորոշումը անձի մոտ բացահայտվում և ձևավորվում է հասունացման տարիքի ընթացքում, երբ երեխան դառնում է պատանի կամ օրիորդ, և նրա մոտ սկսում են զարգանալ սեռական կյանքը և սեռական պահանջմունքները։