Համազարկային պետություն
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Համազարկային պետություն կամ Համազարկային իշխանություն (անգլ.՝ Salute state), իշխանական պետություն, որը գտնվում էր Հինդուստանում, մասնավորապես Բրիտանական Հնդկաստանի կազմում, որի ղեկավարին Հնդկաստանի մայրաքաղաք (ի սկզբանե՝ Կալկաթա, հետագայում՝ Դելի) ժամանելիս ողջունում էին թնդանոթային համազարկերի միջոցով (ի սկզբանե՝ Թագավորական նավատորմի նավերի թնդանոթներից, հետագայում՝ ցամաքային զինատեսակներից)[1]։ Համազարկերի թիվը (առավելագույնը 21 համազարկ) արտացոլում էր համապատասխան ղեկավարի մակարդակը Բրիտանական Հնդկաստանի կառավարման համակարգում, և հնդկական իշխանները շատ զգայուն էին ողջույնի արձանագրված կարգի նկատմամբ։ Որոշ իշխաններ իրենց իշխանության սահմանների ներսում ավելի մեծ թվով համազարկերով ողջույնի արժանանալու իրավունք ունեին[2]։
Համազարկերով պետության և պետական ղեկավարների հեղինակությունը ընդգծող այս համակարգն առաջին անգամ ներդրվել է 18-րդ դարի վերջին Օստ-Հնդկական ընկերության ղեկավարման ժամանակահատվածում և 1858 թվականից, երբ ընկերության դերը ստանձնել է Միացյալ թագավորությունը, համազարկային համակարգը շարունակել է գործել Թագի անմիջական ղեկավարության ներքո։ Այն պաշտոնապես համակարգվել է և պետական խորհրդանիշի կարգավիճակ է ձեռք բերել։ Հիերարխիայի ցանկերը հրապարակվել են 1864, 1867 և 1877 թվականներին[3]։
Համազարկային պետությունների համար նշանակալից իրադարձություն է եղել Անգլիայի թագավորական ընտանիքի ժամանումը Հնդկաստանի մայրաքաղաք։ 1911 թվականի դեկտեմբերին Անգլիայի թագավոր Գեորգ V-ի և Մարիա Թեքսացու թագադրման կապակցությամբ թագավորական զույգի ներկայությունը Դելիում կայանալիք Կայսերական դարբարին[4] (հանդիսավոր ընդունելություն) միակն է պատմության մեջ։ Այդ Դարբարի կապակցությամբ (Դելիի դարբար եղել է երեք անգամ՝ 1877, 1903 և 1911 թվականներին) մեծ քանակությամբ հնդկական ազնվականություն էր ժամանել, որի պատճառով ողջույնի համազարկերը թնդում էին ամբողջ օրը[5], ինչի հետևանքով մի շարք ներկաներ հետագայում լսողության խնդիրներ ունեցան։ Դեկտեմբերի 13-ին արքայական զույգը իրենց ողջունելու եկած կես միլիոնից ավելի սովորական քաղաքացիների համար Շահ Ջահանի կառուցած Կարմիր ամրոցի ջհարոկհայից (կախովի պատշգամբի պատուհան) կատարել է Դարշան[6]։ Այնուհետև, դեկտեմբերի 14-ին թագավոր-կայսրը ղեկավարել է 50 հազար զինվորական զորահանդեսը։ Այդ ժամանակ 21 համազարկով ողջույնի իրավունք ունեին Իշխանական երեք պետություններ.
- Հայդարաբադի Նիզամ Ն. Գ. Մ.[7] Ասաֆ Ջահ VII-ը
- Բարոդայի Մահառաջա Ն. Մ. Գաեքվադը
- Մայսուրի Մահառաջա Ն. Մ. Վոդեյար IV-ը[8]։
Համազարկային ողջույնների այս համակարգը Հնդկաստանի կառավարության կողմից վերջնականապես չեղյալ է հայտարարվել 1971 թվականին Հնդկաստանում և 1972 թվականին Պակիստանում։