Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ
մարդու հիվանդություն / From Wikipedia, the free encyclopedia
Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը (ՀՖՀ) հակաֆոսֆոլիպիդային հակամարմիններով հարուցված աուտոիմուն գերմակարդելիության վիճակ է։ ՀՖՀ-ը հարուցում է արյան թրոմբների (թրոմբոզ) առաջացումը ինչպես զարկերակներում, այնպես էլ երակներում և բերում է հղիության մի շարք բարդությունների՝ կրելախախտերի, մեռելածնության, վաղաժամ ծննդաբերության և ծանր պրեէկլամպսիաների։
Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ | |
---|---|
Պատկերված է Երիկամների բիպսիայի մանրադիտակային պատկեր, արտահայտված թրոմբոտիկ միկրոանգիոպաթիայով, ինչը հաճախ հանդիպում է Հյուզի համախտանիշի ժամանակ։ | |
Տեսակ | անբուժելի/հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | Արյունաբանություն, Ռևմատոլոգիա |
ՀՄԴ-9 | 289.81 |
ՀՄԴ-10 | D68.6 |
Հոմանիշներ | Հյուզի համախտանիշ[1] |
Ախտորոշման համար հարկավոր է մեկ կլինիկական դրվագ (օրինակ՝ թրոմբոզ կամ հղիության հետ կապված որևէ խնդիր) և երկու արյան հետազոտության դրական պատկեր միմյանցից նվազագույնը երեք ամիս «հեռավորության» վրա։ Անհրաժեշտ հետազոտություններ են գայլախտային հակամակարդիչը կամ հակա-β2-գլիկոպրոտեին-1-ը (վերջինս քանի որ հանդիսանում է հակակարդիոլիպինային հակամարմնի ենթադաս, ապա հակակարդիոլիպինային հակամարմնի ստուգումը նույնպես արդարացված է, որպես ավելի ոչ սպեցիֆիկ թեստ)[2]։
ՀՖՀ-ը լինում է առաջնային և երկրորդային։ Առաջնային ՀՖՀ-ը սկսվում է որևէ այլ հիվանդության բացակայության ֆոնին վրա։ Երկրորդային ՀՖՀ-ը առաջանում է որևէ այլ աուտոիմուն հիվանդության, օր.՝ համակարգային կարմիր գայլախտի ֆոնին։ Որոշ դեպքերում ՀՖՀ-ը կարող է սկսվել սուր բազմաօրգանային անբավարաությոամբ, ինչն առաջանում է սուր գեներալիզացված թրոմբոզի հետևանքով և մեծ վտանգ է ներկայացնում մարդու կյանքի համար։ Այս վիճակը կոչվում է աղետային հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ (ԱՀՖՀ) կամ Աշերսոնի համախտանիշ։
ՀՖՀ-ն հաճախ կարիք է լինում բուժել հակամակարդիչներով, ինչպիսին է հեպարինը, հետագա թրոմբոզները կանխելու նպատակով։ Վարֆարինը կիրառելի չէ հղիության ընթացքում, քանի որ այն անցնում է պլացենտար պատնեշով և տերատոգեն (հրեշածին) հատկություն ունի։