Հածանավ
From Wikipedia, the free encyclopedia
Հածանավ (հոլ.՝ kruiser, ծագում է հոլ.՝ kruisen բառից, որը նշանակում է «հածել», «որոշակի երթուղով նավարկել», անգլ.՝ cruiser, ռուս.՝ крейсер[1][2][3][4][5]), վերջրյա մարտական նավ՝ նախատեսված հակառակորդի նավատորմի թեթև ուժերի դեմ պայքարելու, ծովային դեսանտ իջեցնելն ապահովելու, ցամաքային զորքերի առափնյա թևերին կրակային աջակցություն ցուցաբերելու, ականային արգելափակոցներ ստեղծելու և այլ մարտական առաջադրանքներ կատարելու համար։ Հածանավը որպես ռազմանավերի դաս երևան եկավ Մեծ Բրիտանիայում, XIX դ. 60-ական թթ.։ Արդիական հածանավի գլխավոր զենքերն են ակոսավոր (102-203 մմ տրամաչափի) հրետանին և հրթիռային համալիրները։ Բացի այդ, հածանավը զինված է զենիթային հրետանիով, տորպեդներով, ականներով։ Հածանավերի մեծ մասն ունի 1-2 թեթև ինքնաթիռ կամ ուղղաթիռ, որոնք օգտագործվում են հետախուզության կամ կրակի նշանառությունը ճշտելու համար։ Հածանավերի հիմնական չափսերն են. լայնությունը՝ 20-23 մ, երկարությունը՝ 200-220 մ, ընկղմվածքը՝ մինչև 8 մ ջրատարողությունը՝ 7-9 հազար և 20-30 հազար։ Գլխավոր շարժիչներն են 44,2 - 88,4 Մվտ (60-120 հազար ձիաուժ) հզորությամբ շոգետուրբինները, անձնակազմը՝ 600-1300 հոգի, արագությունը՝ 30 - 35 հանգույց (55 - 65 կմ/ժ), նավարկության հեռավորությունը՝ 9-12 հազար մղոն (17-22 հզ. կմ)[6]։