Կրծքագեղձի քաղցկեղ
From Wikipedia, the free encyclopedia
Կրծքագեղձի քաղցկեղ, կրծքագեղձում զարգացող չարորակ ուռուցքային հիվանդություն[1]։ Այս հիվանդության ախտանիշներից են կրծքագեղձի չափսերի փոփոխությունը, կրծքագեղձում առաջացող գնդանման կույտերը, մաշկի վրա առաջացող փոսիկները, կրծքապտուկներից հեղուկի արտահոսքը[2]։ Հիվանդության տարածվածության դեպքում կարող են առաջանալ նաև ոսկրերի ցավեր, ավշային հանգույցների մեծացում, հևոցներ, մաշկի դեղնություն[3]։
Կրծքագեղձի քաղցկեղ | |
---|---|
Մամոգրամով ցույց է տրված նորմալ (ձախից) և քաղցկեղով հիվանդ (աջից) կրծքագեղձը | |
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Բուժաքննություն | MammaPrint? |
Բժշկական մասնագիտություն | ուռուցքաբանություն |
ՀՄԴ-9 | 174-175, V10.3 |
ՀՄԴ-10 | C50 |
Breast cancer Վիքիպահեստում |
Հիվանդության առաջացման ռիսկային գործոններ են համարվում սեռը (հաճախ նկատվում է իգական սեռի մոտ), գիրությունը, ֆիզիկական ցածր ակտիվությունը, ալկոհոլի օգտագործումը, դաշտանադադարի ժամանակ կիրառվող հորմոնային փոխարինման թերապիան, իոնային ճառագայթահարումը, շատ ցածր տարիքում առաջացող դաշտանը, մեծ տարիքում երեխաներ ունենալը կամ ընդհանրապես չունենալը, մեծ տարիքը, բարեկամների մոտ արձանագրված հիվանդության դեպքերը[2][4]։ Հիվանդության 5–10% դեպքերն ունեն գենետիկական հիմք և պայմանավորված են ժառանգականությաբ, մասնավորապես՝ BRCA1 և BRCA2 գեներով։ Կրծքագեղձի քաղցկեղը գերազնացապես առաջանում է կաթնածորանների և ծորաններին կաթ մատակարարող բլթերի շուրջ։ Ծորաններից զարգացող քաղցկեղը անվանվում է ծորանային կորցինոմա, իսկ բլթերից զարգացողը՝ բլթային կարցինոմա[2]։ Ի հավելումն դրա, կան հիվանդության ավելի քան 18 այլ ենթատեսակներ[4]։ Ախտորոշումը հիմնականում կատարվում է ախտահարված հատվածից կատարվող բիոպսիայի միջոցով[2]։
Կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգի տարբեր միջոցների արդյունավետությունը վիճահարույց է։ 2013 թվականին Cochrane կազմակերպությունը հայտնեց, որ պարզ չէ, թե արդյոք մամոգրաֆիկական հետազոտությունը լավ է, թե վատ[5]։ 2009 թվականին US Preventive Services Task Force կազմակերպությունն առաջարկեց 50-74 տարեկան կանանց շրջանում յուրաքանչյուր 2 տարին մեկ անց կացնել սկրինինգ[6][7]։ Հիվանդության առաջացման նկատմամբ ռիսկային համարվող մարդկանց համար խորհուրդ է տրվում օգտագործել տամոքսիֆեն կամ ռալոքսիֆին դեղամիջոցներ[4]։ Վիրահատմամբ զույգ կրծքագեղձերի հեռացումը համարվում է մեկ այլ կանխարգելիչ միջոցառում բարձր ռիսկային համարվող կանանց համար[4]։ Քաղցկեղ ախտորոշված մարդկանց համար կան տարբեր բուժման միջոցներ, օրինակ՝ վիրահատություն, ճառագայթային թերապիա, քիմիոթերապիա, հորմոնային թերապիա, թիրախային թերապիա[2]։ Վիրահատական միջամտությունը տարբեր կարող է լինել, սկսած կրծքագեղձի հատվածի հեռացումից մինչև ամբողջ կրծքագեղձի հեռացումը[8][9]։ Այն մարդկանց համար, ում մոտ քաղցկեղն արդեն տարածվել է նաև այլ օրգաններով, կիրառվող բուժական միջոցառումները հիմնականում ուղղված են լինում հիվանդի վիճակի լավացմանը[9]։
Հիվանդության ընթացքն ու ելքը կախված են քաղցկեղի տեսակից, հիվանդությունների առկայությունից, հիվանդի տարիքից[9]։ Հիվանդության բարեհաջող ելքերը բավականին բարձր են ներկայիս ժամանակներում[10]։ 5 տարիների հաշվարկով կենդանի մնացածների քանակը Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում տատանվում է 80-90% սահմաններում[11][12]։ Զարգացող երկրներում հիվանդությունից կենդանի մնացածների քանակն ավելի քիչ է[4]։ Ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված քաղցկեղն է և կազմում է այս հիվանդության դեպքերի մոտավորապես 25%-ը[13]։ 2012 թվականին արձանագրվել են 1.68 միլիոն հիվանդության դեպքեր և 522, 000 մահ[13]։ Կանայք մոտ 100 անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ[10][14]։