Կուբա (կղզի)
From Wikipedia, the free encyclopedia
Կուբա (իսպ.՝ Cuba), կղզի Կարիբյան ծովում։ Մտնում է Մեծ Անտիլյան կղզիների կազմի մեջ։ Հյուսիսային Ամերիկայից հյուսիսում առանձնանում է Ֆլորիդայի նեղուցով, իսկ արևմուտքում՝ Յուկատանի նեղուցով։ Ընդհանուր մակերեսը կազմում է 105 հազար կմ²։ Կուբայի Հանրապետության խոշորագույն կղզին է։
Կուբա | |
---|---|
Տեսակ | կղզի |
Մայրցամաք | Հյուսիսային Ամերիկա |
Երկիր | Կուբա[1] |
Վարչատարածք | Կուբա[1] |
Երկարություն | 1250 կմ |
Ամենաբարձր կետ | Տուրկինո |
Մակերես | 105 806 կմ² |
Մասն է | Մեծ Անտիլյան կղզիներ և Կարիբյան ավազան[2] |
Ջրլիցի ափին | Մեքսիկական ծոց և Կարիբյան ծով |
Կուբայի ռելիեֆը մեծամասնությամբ հարթավայրային է, բարձունքները և լեռները զբաղեցնում են տարածքի մոտ 1/3-րդ մասը։ Կղզում առանձնացնում են մի քանի բնական շրջաններ։ Արևմտյան հատվածում երկրաբանական կառուցվածքը և կղզու ռելիեֆը մոզաիկ բնույթ են կրում, լայնորեն ներկայացված են կարստային գործընթացները։ Լանդշաֆտը ծածկված է գյուղատնտեսական հողատարածքներով և քաղաքային շինություններով։ Կենտրոնական հատվածն ունի խիտ գետային ցանց և մեծ քանակությամբ ճահիճներ։ Անտառները պահպանվել են միայն Գուամուայա լեռնազանգվածում, հողերը հարթավայրերում և հովիտներում մշակվում են։ Կենտրոնարևելյան շրջանն ունի ավելի հարթ լանդշաֆտ, բնական բուսականությունը փոխարինում են շաքարեղեգի պլանտացիաները և արոտավայրերը։ Կղզու հարավարևելյան հատվածում գտնվում է ուժեղ կտրտված լեռնային համակարգը, որտեղից հոսում են ջրառատ գետերը։ Լեռնալանջերին գտնվում են շաքարեղեգի և սուրճի պլանտացիաները և արոտավայրերը։ Ամենաբարձր լեռնային զանգվածը Սիերա Մաեստրան է, որը 250 կմ ձգվում է հարավարևելյան ջրափնյայի երկայնքով։ Ամենաբարձր կետը Տուրկինո գագաթն է (1974 մ)[3]։