Կոտրված սյունը
From Wikipedia, the free encyclopedia
Կոտրված սյունը (իսպ.՝ La Columna Rota), մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի յուղանկարը, որը պատկերվել է 1944 թվականին, ողնաշարի վիրահատությունից կարճ ժամանակ անց։ Վիրահատությունն անհրաժեշտ է եղել` շտկելու համար առողջական հերթական խնդիրները, որոնցից նկարչուհին տառապել է 18 տարեկանում տարած ծանր ավտովթարից հետո։ Կտավի օրիգինալ տարբերակը պահվում է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի Սոչիմիլկո շրջանի Դոլորես Օլմեդո թանգարանում[1]։
Կոտրված սյունը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ֆրիդա Կալո |
տարի | 1944 |
բարձրություն | 40 սանտիմետր |
լայնություն | 30,7 սանտիմետր |
ուղղություն | նաիվ արվեստ |
ժանր | ինքնապատկեր |
նյութ | յուղաներկ և masonite? |
գտնվում է | Museo Dolores Olmedo? |
հավաքածու | Museo Dolores Olmedo? |
հիմնական թեմա | Ֆրիդա Կալո |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
Ինչպես իր շատ ինքնանկարներում, այստեղ էլ աշխատանքի կենտրոնում ցավն ու տառապանքն է[2], չնայած ի տարբերություն իր շատ նկարների, որտեղ կան թութակներ, շներ, կապիկներ և ուրիշ մարդիկ[3], այս կտավում Կալոն մենակ է։ Նրա միայնակ ներկայությունը չոր ու ճաքճաված բնապատկերի ֆոնին խորհրդանշում է նրա մեկուսացվածությունը[2], ինչպես նաև` այն արտաքին ուժերը, որոնք ազդել են նրա կյանքի վրա։ Ինչպես երկրաշարժը հավանաբար ժեղքել է պատկերված բնությունը, այնպես էլ Կալոյի դժբախտ պատահարը կոտրել է նրա կյանքը[4]։
Կտավում Կալոյի մերկ մարմինը մասնատված է, ինչը կրնկնօրինակում է նրա հետևում պատկերված հողի մասնատվածությունը, իսկ ողնաշարի փոխարեն պատկերված է Հոնիական օրդերը։ Նրա հայացքն առաջ է ուղղված, դեմքն աննահանջ է, չնայած արցունքները գլորվում են նրա այտերով։ Չնայած նրա ներքին կոտրվածությանը, նրա արտաքին զգայունությունը մռայլված չէ։
Նրա մարմնի ներքևի հատվածը ծածկող զգեստը համեստության նշան չէ[4], այլ ցուցադրում է քրիստոնեական սրբապատկերներ, նրա մարմինը ծածկող մեխերը ևս քրիստոնեության խորհրդանշաններից են[5]։ Մեխերը շարունակվում են միայն նրա աջ ոտքի վրա, որը վաղ մանկության տարիներին տարած պոլիոմիելիտի հետևանքով ավելի կարճ ու ավելի թույլ է մնացել։
Մետաղյա կորսետը, որն ավելի շուտ պոլիոմիելիտի, քան թե վիրահատության պատճառով է[6], կարող է կապված է լինել մանկության տարիներին նրա տարած հիվանդության հետ[3] կամ խորհրդանշել Կալոյի կյանքի ֆիզիկական ու սոցիալական սահմանափակումները[4]։ 1944 թվականին Կալոյի բժիշկները խորհուրդ են տվել նրան երկաթե կորսետ կրել պլաստիկի փոխարեն, որ նա կրել է նախկինում։ Նկարագրված հենարանը մեկն է այն բազմաթիվներից, որ Կալոն օգտագործել է իր կյանքի ընթացքում և այժմ պահվում է նրա տուն-թանգարանում[7]։ «Կոտրված սյան» մեջ պատկերված կորսետը պահում է Կալոյի վնասված մարմինը[5][8][9]։