Կոնֆուցիոս
From Wikipedia, the free encyclopedia
Կոնֆուցիոս (չինարեն՝ 孔夫子, մոտ մ. թ. ա. 551[1], Ցյուֆու, Լու - մոտ մ. թ. ա. 479[2][1], Si River, Լու[1][4][5]), չինացի ուսուցիչ, խմբագիր, քաղաքական գործիչ և փիլիսոփա` Չինաստանի պատմության «Գարուն և ամառ» կամ Չունքիու շրջանում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոնֆուցիոս (այլ կիրառումներ)
Կոնֆուցիոսի փիլիսոփայության` կոնֆուցիականության հիմքում ընկած էին մարդկային և կառավարական բարոյականությունը, արդարադատությունը և անկեղծությունը։ Նրա հետևորդները մրցում էին այլ դպրոցների հետ «Մտքի հարյուր դպրոց»-ի ժամանակաշրջանում։ Հանի հաղթանակից և Ցին թագավորության փլուզումից հետո Կոնֆուցիոսի մտքերը պաշտոնապես ընդունվեցին, և հետագայում զարգացավ Նեոկոնֆուցիականությունը, իսկ ավելի ուշ` Նոր կոնֆուցիականությունը։
Ավանդաբար Կոնֆուցիոսին է վերագրվում չինական դասական տեքստերի հեղինակությունն ու խմբագրումը, ներառյալ բոլոր «Հինգ դասականներ»-ը։ Մահից շատ տարիներ անց նրա ուսմունքին վերաբերող աֆորիզմները կազմեցին Լուն Յու («Զրույցներ և ասույթներ») աշխատությունը։
Կոնֆուցիոսի սկզբունքներն ընդհանրություն էին կազմում չինական ավանդույթների և հավատքի հետ։ Նա խրախուսում էր ամուր ընտանեկան հավատարմությունն ու անձնվիրությունը, հարգանքը մեծերի նկատմամբ և կանանց կողմից` իրենց տղամարդկանց նկատմամբ։ Կոնֆուցիոսը համարում էր ընտանիքը կատարյալ կառավարության հիմք։ Նրա հայտնի սկզբունքն էր «Մի´ անիր մարդուն այն, ինչը չես ուզում, որ արվի քեզ» ոսկե կանոնը։Դաոսականությունում նրան համարել են աստված, պաշտամունքի առարկա։
Պատմության ընթացքում Կոնֆուցիոսին համարել են ամենաազդեցիկ անհատականությունը մարդկային կյանքի ձևավորման մեջ։ Նրա ուսմունքն ու փիլիսոփայությունը նկատելիորեն ներգործեցին մարդկանց վրա, և այսօր էլ հասարակությունը կրում է դրանց ազդեցությունը[6][7][8]։