Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր
From Wikipedia, the free encyclopedia
Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր - ժողովրդական բանակ (իսպ.՝ Fuerzas Armadas Revolucionarias de Colombia – Ejército del Pueblo, FARC-EP) — ձախ ծայրահեղական ապստամբների խումբ, որը մասնակցել է Կոլումբիայի քաղաքացիական պատերազմին։ Այն ձևավորվել է 1960-ականներին՝ որպես Կոլումբիայի կոմունիստական կուսակցության ռազմական թեւ։ Սկզբում այն հանդես էր գալիս որպես կուսակցական ստորաբաժանում, իսկ ավելի ուշ՝ 1980-ականներին, սկսեց զբաղվել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և պատանդների առևանգմամբ։ FARC-ը ստանձնել է նաև ահաբեկչությունների, երկրի քաղաքներում տեղի ունեցած պայթյունների և քաղաքական գործիչների սպանությունների պատասխանատվությունը։
Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր | |
---|---|
Զինանշան
| |
Տեսակ | պարտիզանական շարժում և ահաբեկչական կազմակերպություն |
Երկիր | Կոլումբիա |
Հիմնադրված է | 1964 թվական |
Լուծարված է | 2017 թվական |
Տիմոլեոն Խիմենես | |
Կայք | farc-ep.co |
Revolutionary Armed Forces of Colombia Վիքիպահեստում |
2001 թվականին ԱՄՆ Պետդեպարտամենտը FARC-ն ավելացրեց ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, իսկ ավելի ուշ Եվրամիությունը նման որոշում կայացրեց։ Կուբան և Վենեսուելան պնդում են, որ կազմակերպությունը պարտիզանական կազմակերպություն է՝ հիմնված բոլիվարական գաղափարների վրա։
Մենք ռազմաքաղաքական կազմակերպություն ենք, որը հակադրվում է Կոլումբիայի իշխող ռեժիմին, որը ղեկավարվում է Մարքսի, Լենինի և Բոլիվարի գաղափարներով։ Մենք պայքարում ենք սոցիալիստական հասարակության համար, որպեսզի վերականգնենք արդարությունը ողջ մոլորակում՝ սկսած մեր հայրենիքից[1]։
2016 թվականին FARC-ը և Կոլումբիայի կառավարությունը պայմանագիր են ստորագրել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին։ 2017 թվականի սեպտեմբերի 1-ին Բոգոտայում FARC-ի կոնգրեսի մոտ 1200 պատվիրակներ քվեարկեցին շարժումը քաղաքական կուսակցության վերածելու օգտին[2][3]։ Հոկտեմբերի 9-ին Կոլումբիայի նախկին ապստամբական հեղափոխական զինված ուժերը (FARC) պաշտոնապես ավարտեցին իրենց հիման վրա ստեղծված քաղաքական կուսակցության գրանցման գործընթացը։ Կուսակցությունը ստացել է «Ընդհանուր հեղափոխական այլընտրանքային ուժ» (ORAS) անվանումը։ Իսպաներենում կուսակցության հապավումը ճիշտ նույնն է, ինչ FARC հապավումը[4]։
Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո FARC-ից մի խումբ «այլախոհներ» դուրս եկան, չընդունեցին պայմանագիրը և հայտարարեցին պայքարը շարունակելու մասին[5]։ 2021 թվականին բախումներ են նկատվել խմբավորման և վենեսուելական բանակի միջև[6][7]։