Կիևի պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Կիևի պատմություն, Ուկրաինայի մայրաքաղաքի, նրա խոշորագույն քաղաքի պատմություն, որի տարիքը, ամենաքիչը, 1200 տարեկան է։ Ըստ տարեգրի՝ Կիևը հիմնել են երեք եղբայրներ՝ Կիյը, Շեկը և Խորիվը և նրանց քույր Լիբեդը և կոչել են ի պատիվ Կիյի՝ ավագ եղբոր։ Ավանդությունը վկայում է նաև, որ Դնեպրի բլրաշատ ափերին մեծ քաղաքի ի հայտ գալը կանխատեսել էր Անդրեաս առաքյալը։
Քաղաքի հիմնադրման ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ։ Ըստ որոշ ենթադրությունների` սլավոնական առաջին բնակիչները ժամանակակից քաղաքի տարածքում ապրել են դեռևս 6-րդ դարում։ 882 թվականին Կիևը դարձել է Հին ռուսական պետության (Կիևյան Ռուսիա) մայրաքաղաքը և 10-12-րդ դարերում հասել է իր ծաղկմանը։ Մոնղոլների՝ Ռուսիա ներխուժման արդյունքում ավերվել և անկում է ապրել։ Հետագա դարերում Կիևը եղել է վարչական միավորի կենտրոն Լիտվական Մեծ իշխանության, Ռեչ Պոսպոլիտայի և Ռուսական պետության կազմում, որը վերածվել է Ռուսական կայսրության։
Կիևը մեծ վերելք է ապրել 19-րդ դարում՝ արդյունաբերական հեղափոխության ընթացքում։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ քաղաքը հայտնվել է մի քանի զինված հակամարտությունների կենտրոնում և հասցրել է լինել ուկրաինական մի քանի պետությունների մայրաքաղաքը։ 1922 թվականից մտել է Խորհրդային Միության կազմի մեջ, 1934 թվականին դարձել է Խորհրդային Ուկրաինայի մայրաքաղաքը։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ քաղաքը ենթարկվել է լուրջ ավերածությունների, շատ հնագույն հուշարձաններ ոչնչացվել են քաղաքի կենտրոնի «ստալինյան» վերակառուցման տարիներին։ Պատերազմից հետո դարձել է Խորհրդային Միության՝ մեծությամբ երրորդ քաղաքը Մոսկվայից և Լենինգրադից հետո, խորհրդային հանրապետությունների մեջ՝ բնակչության թվով երկրորդ մեծ մայրաքաղաքը։ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո Կիևը անկախ Ուկրաինայի մայրաքաղաքն է։