Կետանման շնաձուկ
From Wikipedia, the free encyclopedia
Կետանման շնաձուկ (լատին․՝ Rhincodon typus), խոշոր պելագիկ շնաձուկ գանգավորների կարգի ռինկոդոնտների (Rhincodontidae) կամ կետանման շնաձկների ընտանիքից։ Ներկայումս գոյություն ունեցող շնաձկներից, ինչպես նաև ժամանակակից ձկներից ամենամեծն է[1]։ Նրա առավելագույն չափը հասնում է առնվազն 12,65 մ, հնարավոր է՝ մինչև 18 մ[2] և անգամ 20 մ[3]։
Կետանման շնաձուկ | |
Կետանման շնաձուկ | |
Դասակարգում | |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կռճիկային ձկներ (Chondrichthyes) |
Ինֆրադաս | Neoselachii |
Վերնակարգ | Galeomorphii |
Կարգ | Orectolobiformes |
Ընտանիք | Rhincodontidae |
Ցեղ | 'Rhincodon' |
Տեսակ | Կետանման շնաձուկ (R. typus) |
Միջազգային անվանում | |
Rhincodon typus Smith, 1828 | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Վտանգված տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Կետանման շնաձուկը, ի տարբերություն այլ շնաձկների մեծամասնության, հիմնականում սնվում է միայն պլանկտոնով՝ սնունդը ջրից զատելով խռիկային աղեղներից ձևավորված յուրահատուկ քամող ապարատի օգնությամբ (կերակրման նմանատիպ մեթոդ ունեն միայն երկու այլ շնաձկներ՝ հսկան և մեծաբերանը)։ Այս ձուկ մեծ մասամբ մնում է ջրի մակերեսին մոտ։ Լողում է շատ դանդաղ, սովորաբար ոչ ավելի արագ, քան 5 կմ/ժամ և մարդու համար որևէ վտանգ չի ներկայացնում։ Կետանման շնաձուկը հաճախ ամենևին էլ չի արձագանքում ջրասուզակներին, որոնք կարող են դիպչել նրա մարմնին և նույնիսկ լողալ նրա մեջքին։
Կետանման շնաձուկը ապրում է արևադարձային լայնությունների տաք ջրերում` ամբողջ Համաշխարհային օվկիանոսում։ Ընդ որում, իր արեալի որոշ շրջաններում այն ավելի շատ է, քան մյուսներում։ Կետանման շնաձկները սովորաբար հանդիպում են փոքր ցրված խմբերով, ավելի հազվադեպ՝ միայնակ, իսկ երբեմն էլ այն վայրերում, որտեղ սնունդն առատ է, ձևավորում են հարյուրավոր առանձնյակների կուտակումներ։ Նրանք շատ հեռավոր գաղթումներ են կատարում՝ հետևելով պլանկտոնի կուտակումներին։ Այս ձկների ապրելակերպը, նրանց վարքի և բազմացման առանձնահատկությունները մինչ օրս շարունակում են մնալ վատ ուսումնասիրված, չնայած վերջին տարիներին, նոր տեխնոլոգիաների օգտագործման շնորհիվ, օրինակ՝ արբանյակային, պիտակավորված շնաձկների դիտարկումների օգնությամբ կարևոր տվյալներ են ձեռք բերվել դրանց գաղթումների վերաբերյալ։ Կետանման շնաձկների կարգաբանությունը միայն վերջերս է մշակվել։ Այս ձուկն այնքան յուրահատուկ է, որ առանձնանում է մոնոտիպ ընտանիքում` մեկ ցեղով, որը ներառում է մեկ տեսակ։
Կետանման շնաձուկը հազվագյուտ տեսակ է, որի թվաքանակը նախկինում էլ մեծ չի եղել, և վերջին տասնամյակների ընթացքում անընդհատ նվազում է։ Երկար ժամանակ այդ շնաձկների գլխավոր սպառնալիքը եղել է ձկնորսությունը Հարավային և Հարավարևելյան Ասիայի երկրների ձկնորսների կողմից, որտեղ կետանման շնաձկների միսն օգտագործվել է սննդի մեջ։ Չնայած կետանման շնաձկների ձկնորսության գրեթե լիակատար արգելքին, այս կենդանիների վերականգնումը ծայրահեղ դանդաղ է կատարվում, ինչպես դանդաղ բնական վերարտադրության, այնպես էլ շարունակվող ձկնորսության, ներառյալ որսագողության պատճառով։ Աշխարհում կետանման շնաձկների քանակը անհայտ է, չնայած առանձին պոպուլյացիաներում նրանց քանակը հնարավոր է ճիշտ հաշվարկել[4]։