Կելտական հեթանոսություն
From Wikipedia, the free encyclopedia
Կելտական հեթանոսություն, նաև կելտական բազմաստվածություն (անգլ.՝ Celtic paganism)[1][2][3], Արևմտյան Եվրոպայի հնագույն կելտական ժողովուրդների մինչքրիստոնեական շրջանի կրոնական հավատալիքներն ու սովորույթներն են։ Կելտական հեթանոսությունը բազմաստված է եղել և ոգեպաշտական։
Կելտերի կրոնական հավատալիքներն ու սովորույթները տարբերվել են կելտական տարբեր երկրներում, որոնց թվում են եղել Իռլանդիան, Բրիտանիան, Կելտիբերիան, Գալիան, Գաղատան և Դանուբ գետի երկայնքում գտնվող տարածքները։ Այս տարածքներում դեռևս հնարավոր է նկատել կելտական հեթանոսության ընդհանրություն։
Հռոմեական Հանրապետության կողմից կելտական որոշ տարածքների նվաճումից հետո, ինչպիսիք են Գալիան (մ.թ.ա. 58-51) և Բրիտանիան (մ.թ.ա. 43) կելտական կրոնական սովորույթները նշանավորվել են հռոմեականացմամբ։ Կելտական բազմաստվածության հռոմեականացման խորությունն ու նշանակությունը դեռևս քննարկման առարկա է գիտնականների առջև։
Կելտական հեթանոսությունը անկում է ապրել Հռոմեական կայսրության օրոք, հատկապես այն բանից հետո, երբ մ.թ. 54 թվականին Կլավդիոս կայսեր կողմից դրա ձևերից մեկը՝ Դրուիդականությունը խստորեն արգելվել է։ Հեթանոսությունը մի փոքր ավելի երկար շարունակել է գոյություն ունենալ Բրիտանիայում և Իռլանդիայում, որտեղ այն աստիճանաբար անհետացել է 5-րդ և 6-րդ դարերի քրիստոնեացման ժամանակաշրջանում։