Կատալոնիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Կատալոնիզմ, կատալոնական ազգայնական շարժում կամ կատալոնական ազգայնականություն (կատ.՝ catalanisme) , սոցիալական, մշակութային և քաղաքական շարժում այսպես կոչված կատալոնական հողերի ազատագրման համար, ինչպես նաև քաղաքական, լեզվական և մշակութային ինքնուրույնության պահպանման համար։ Խոսքը վերաբերում է այն տարածքներին, որտեղ կատալոներենով խոսող մեծաթիվ բնակչություն է առկա[1][2]։
Ժուան Ֆուստեն (կատ.՝ Joan Fuster)՝ վալենսիացի հայտնի գրողներից մեկը, մի անգամ ասել է «կատալոնական ազգայնականության գոյության պատճառներից մեկը իսպանական ազգայնականության առկայությունն է»[3]։ Այս շարժման առաջացման հիմնական պատճառ դարձավ այն, որ 1700-ական թվականներին, երբ Պիրենեյան թերակղզու արևելյան մասը կամ Հյուսիսային Կատալոնիան անցան Ֆրանսիային՝ համաձայն Պիրենեյան դաշնագրի, և այդտեղ արգելվեց կատալոներենի կիրառությունը։ Պատճառներից մյուսը 1714 թվականին Ֆիլիպ 5-րդի կողմից ընդունված դեկրետն էր, որը ոտնահարում էր կատալոնցիների ավանդական իրավունքները։ Կատալոներենի, ազգային մշակույթի, ինչպես նաև քաղաքական ինստիտուտների նկատմամբ ճնշումներ և բռնություններ շարունակավեցին հետագայում՝ 19-րդ և 20-րդ դարերում, հատկապես դիկտատորներ Միգել Պրիմո դե Ռիվերի և Ֆրանսիսկո Ֆրանկոյի կառավարման տարիներին։
Կատալոնական ազգայնականությունը առաջին անգամ հստակ կերպով հանդես է եկել 19-րդ դարում, երբ տեղի ունեցան նախկին մշակութալեզվական ինքնուրույնության վերականգնման շարժումներ (կատ.՝ Renaixença ՝ «Վերածնունդ»)։ Այնուհետև սկսվեց նորից նշվել կատալոնական ազգային տոն համարվող Ժոկս Ֆլուրալսը՝ (կատ.՝ Jocs Florals օքս.՝ Jòcs Floraus) տոնական խաղեր, մրցումներ ճարտասանության և ասմունքի ոլորտում, որտեղ հաղթողներին շնորհում են արհեստական ծաղիկներ՝ թանկարժեք քարերի կամ ոսկե գույներով։
1892 թվականին հրապարակվեցին Մանրեսայի սկզբունքները (կատ.՝ Bases de Manresa), որտեղ ասվում էր, որ պետք է վերականգնվի Միջնադարյան Կատալոնիայի սահմանադրությունը։ Վերջինս գործել էր մինչև 1714 թվականը։
Ժամանակակից կատալոնական ազգայնական շարժումը ունի մի քանի սկզբունքներ․ բոլոր կատալոնացիների կողմից ընդունելի է այն տեսակետը, որ կատալոնացիներն առանձին ազգ են և գրեթե նմանություն չունեն իսպանացիների հետ։ Այս փաստը ամրագրվել է նաև հանրաքվեով։ Սրա տրամաբանական շարունակությունը Կատալոնիային ինքնորոշման իրավունք տալն է։ Սակայն հենց այստեղ էլ առաջ են գալիս կատալոնացիների միջև առկա հիմնական տարաձայնությունները։ Մի մասը կարծում է, որ դա լրիվ անկախանալը և անկախ պետություն ունենալն է, մյուսների կարծիքով պետք է բավարարվել Իսպանիայի կազմում լայն ինքնավարության հասնելով։ Բացառված չէ նաև այն տեսակետը, որ եթե Կատալոնիան ձեռք բերի անկախություն, նրան կմիանան նաև Վալենսիան և Բալեարյան կղզիները։
Չնայած այն հանգամանքին, որ Կատալոնիային տրվել է բավական լայն ինքնավարություն․ կատալոներենը ճանաչվել է որպես պետական լեզու, ստացել են ֆինանսական ինքնուրույնություն և Մադրիդից գրեթե կախում չունեն, կատալոնիզմը գրեթե ամբողջությամբ դարձել է կատալոնական անջատողական շարժում։ Անջատողականները հասան նրան, որ 2009-2010 թվականներին կատարեցին ոչ պաշտոնական հարցում՝ իմանալու համար, թե քանի տոկոսն է կողմ անկախանալուն։ Հարցվածների 90%-ը կողմ արտահայտվեց Կատալոնիայի անկախ պետությանը։ 2012 թվականին Կատալոնիայի ամբողջ տարածքում տեղի ունեցան զանգվածային ցույցեր, որոնց մասնակցում էին 1,5 մլն կատալոնացիներ։ Նրանց պաստառների վրա գրված էր «Կատալոնիա՝ եվրական նոր պետություն» արտահայտությունը։
2012 թվականի նոյեմբերի 25-ին անցկացված տեղական ինքնակառավարման ընտրություններից հետո կատալոնական խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմեցին անկախությանը կողմ ուժերը։ 2013 թվականի հունվարի 23-ին խորհրդարանը ընդունեց Ինքնիշխանության մասին հռչակագիրը («Կատալոնիա՝ ինքնիշխան քաղաքական և իրավական սուբյեկտ Իսպանիայի կազմում»)։ Իսկ 2014 թվականին պլանավորվեց անցկացնել անկախության հանրաքվե Արխիվացված 2013-03-04 Wayback Machine։