Կառավարություն
From Wikipedia, the free encyclopedia
Կառավարություն, մարդկանց համակարգ կամ խումբ, որը կառավարում է կազմակերպված համայնքից մինչև պետություն։ Լայն սահմանմամբ՝ կառավարությունը բաղկացած է օրենսդիր, գործադիր և դատական մարմիններից։ Կառավարությունը քաղաքական կուրսի մշակման և իրագործման մեխանիզմ է։
Բոլոր տիպի կազմակերպություններին բնորոշ է կառավարումը, մինչդեռ կառավարություն ասելով նկատի են առնվում աշխարհի մոտ 200 անկախ ազգային կառավարությունները, ինչպես նաև դրանց ենթակա կազմակերպությունները[1]։
Պատմականորեն, կառավարության գերիշխող ձևերը 5-ն են՝ արիստոկրատիա, թիմոկրատիա, օլիգարխիա, դեմոկրատիա, տիրանիա։
Կառավարությունը, որը երբեմն կոչվում է նախարարների խորհուրդ կամ կաբինետ, ղեկավարում է վարչապետը (կանցլերը, նախարարների խորհրդի կամ կաբինետի նախագահը), իսկ երբեմն էլ՝ պետության ղեկավարը (օրինակ՝ ԱՄՆ֊ում՝ նախագահը)։ Կառավարության անդամները (նախարարներ, քարտուղարներ, պետքարտուղարներ և այլն) ղեկավարում են պետական կառավարման կենտրոնական գերատեսչությունները։ Կառավարությունը կարող է լինել միակուսակցական կամ կոալիցիոն։ Դաշնային պետություններում կան կենտրոնական (դաշնային) կառավարություն և դաշնության կազմի մեջ մտնող պետական կազմավորումների (նահանգ, մարզ) կառավարություններ։ Բազմաթիվ երկրներում կառավարությունը կազմում է խորհրդարանը կամ նշանակում է պետության գլուխը։ Գերմանիայում, Իռլանդիայում, Ճապոնիայում պետության գլուխը վարչապետն (կանցլեր) է նշանակում պառլամենտի ընտրած անձին։ Կառավարությունն իրավաբանորեն պատասխանատու և հաշվետու է պառլամենտի առջև։ Կառավարություն կազմելու կարգը, կազմն ու լիազորությունները սահմանվում են սահմանադրությամբ։ Կառավարման գործընթացը մեր արդի կյանքում գրավում է բացառիկ դեր։ Կառավարման շնորհիվ մենք համակարգում ենք մեր կյանքը, աշխատանքը, ընտանիքը, պետությունը։
Կառավարման ֆենոմենը հայտնի է դեռ նախամարդուն, կարելի է նշել, որ կառավարումը մարդկության տարիքին է, չնայած այն փաստին, որ որպես գիտություն տակավին երիտասարդ է։ Կառավարման գործընթացը համարվում է մարդկային հասարակության համակեցության կարևորագույն գործոններից, դեռևս մեր թվարկությունից առաջ, երբ մարդիկ ապրում էին համայնքներով, կառավարումը պետք էր ընդհանուր աշխատանքները կազմակերպելու և արդյունքները բաշխելու համար։ Կառավարման ներդրման շնորհիվ հին աշխարհի մի շարք երկրներում իրականացվել են մեծածավալ շինարարական աշխատանքներ, (օր․՝ եգիպտական բուրգերը), որոնք անհնարին կլիներ առանց աշխատանքների ընդհանուր կառավարման։ Կարելի է ասել, որ կառավարման զարգացման առաջնային փուլը սկսել է ցեղախմբերում։ Այս աշխատանքում ներկայացված է կառավարչական մտքի զարգացման փուլերը համաշխարհային արենայում, ինչպես նաև անդրադարձ է կատարվել հայ կառավարչական մտքի պատմությանը, մինչև մեր օրերը։ Դեռևս անտիկ ժամանակների մեծագույն փիլիսոփաները մտահոգվել են կառավարման գործընթացին վերաբերող հարցերով, կառավարման գիտության և պրակտիկայի զարգացման ասպարեզում մեծագույն ավանդ են ներդրել Սոկրատեսը, Քսենոփոնը, Պլատոնը, Արիստոտելը, պետական գործիչ Ալեքսանդր Մակեդոնացին (շտաբի գաղափարը)։ Պլատոնը առաջարկում էր իդեալական պետության գաղափարը՝ պետության գլխում տեսնելով փիլիսոփաներին, կամ գիտնականներին։