Կապույտ կետ
From Wikipedia, the free encyclopedia
Կապույտ կետ (լատին․՝ Balaenoptera musculus), ծովային կաթնասուն, որը պատկանում է բեղավոր կետերի (Mysticeti) ենթակարգին[1]։ Մինչև 29,9 մետր երկարությամբ[2] և գրանցված առավելագույնը 173 տոննա կշռով[2] (որը հավանաբար կարող է հասնել 181 տոննայի)՝ այս կենդանին երբևէ գոյություն ունեցած հայտնի ամենախոշոր կենդանին է[3][4]։ Ներկայումս այն համարվում է վտանգված տեսակ[5]։
Կապույտ կետ | |||
---|---|---|---|
Գիտական դասակարգում | |||
|
|||
Լատիներեն անվանում | |||
Balaenoptera musculus
(Linnaeus, 1758)
|
|||
Հատուկ պահպանություն | |||
ցամաք տարածվածություն | |||
|
Կապույտ կետի երկար և բարեկազմ մարմինը կարող է ունենալ կապույտի տարբեր երանգներ՝ վերին հատվածում մոխրակապտավունից մինչև ստորին հատվածի ավելի բաց երանգներ[6]։ Գոյություն ունի նվազագույնը երեք ենթատեսակ՝ Հյուսիսային Ատլանտիկի և Հյուսիսային Խաղաղի B. m. musculus, Հարավային օվկիանոսի B. m. intermedia և Հնդկական օվկիանոսում ու Հարավային Խաղաղ օվկիանոսում հայտնաբերված B. m. brevicauda (հայտնի է նաև որպես գաճաճ կապույտ կետ)։ Մեկ այլ ենթատեսակ կարող է համարվել Հնդկական օվկիանոսում հայտնաբերված B. m. indica-ն։ Այլ բեղավոր կետերի պես կապույտ կետի սննդային ռացիոնը հիմնականում ևս բաղկացած է մանր խեցգետնանմաններից[7]։
Երկրագնդի գրեթե բոլոր օվկիանոսներում կապույտ կետերը լայնորեն տարածված էին մինչև 20-րդ դարի սկիզբը։ Գրեթե մեկ դարի ընթացքում նրանց քանակը հասավ ոչնչացման մակարդակի՝ կետորսների անընդհատ որսերի պատճառով, մինչև 1966 թվականին միջազգային համայնքը ձեռնարկեց նրանց պաշտպանությունը։ 2002 թվականի հաշվետվության համաձայն՝ ամբողջ աշխարհում[2] կապույտ կետերի քանակը 5 000-ից 12 000 էր կազմում՝ խմբավորված նվազագույնը 5 խմբերում։ Բնության պահպանման համաշխարհային միության տվյալների համաձայն՝ ներկայումս ամբողջ աշխարհում գոյություն ունի մոտավորապես 10 000-ից 25 000 կապույտ կետ[8]։ Մինչ կետորսությունը խոշորագույն քանակը գտնվում էր Անտարկտիկայում՝ մոտ 239 000 (202 000-311 000-ի միջակայքում)[9]։ Հյուսիսային Խաղաղի, Անտարկտիկայի և Հնդկական օվկիանոսի խմբերից գոյատևել է շատ փոքր քանակ՝ մոտ 2 000։ Երկու խումբ գտնվում է Հյուսիսային Ատլանտյանում, ևս նվազագույնը երկուսը՝ Հարավային կիսագնդում։ 2014 թվականի դրությամբ Հյուսիս-արևելյան Խաղաղի կապույտ կետերի քանակը վերադարձել է գրեթե մինչկետորսյան մակարդակին[10]։