Կանդիդոզ
From Wikipedia, the free encyclopedia
Կանդիդոզ, սնկային ինֆեկցիա, որն առաջանում է Կանդիդա խմբի սնկերի պատճառով[2]։ Բերանի ախտահարման դեպքում այն կոչվում է կաթնախտ[2]։ Բնորոշ ախտանիշներից է սպիտակ փառը լեզվի և բերանի ու կոկորդի այլ մասերի վրա[3]։ Այլ ախտանիշներից են գերզգայունությունը և կուլ տալու դժվարությունը (դիսֆագիա)[3]։ Հեշտոցի ախտահարման դեպքում կոչվում է խմորիչային ինֆեկցիա[2]։ Բնորոշ ախտանիշներից են քորը, այրոցի զգացումը, լոռանման արտադրությունը հեշտոցից[4]։ Կանդիդոզային ինֆեկցիան հազվադեպ ախտահարում է առնանդամը, որի դեպքում լինում է ինտենսիվ քոր[4]։ Շատ հազվադեպ այս ինֆեկցիան դառնում է ինվազիվ և տարածվում է դեպի մարմնի այլ հատվածներ[5]։ Այդ դեպքում դիտվում է տենդ և տարբեր ախտանիշներ, կախված ախտահարված մասից[5]։
Կանդիդոզ | |
---|---|
Բերանի կանդիդոզային ինֆեկցիայի պատկեր, որտեղ հիվանդի լեզուն պատված է բնորոշ փառով | |
Տեսակ | վարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն և մաշկաբանություն |
Հոմանիշներ | Կանդիդազ, մոնլիազ, օիդիոմիկոզ[1] |
Candidiasis Վիքիպահեստում |
Կանդիդա սնկերի ավելի քան 20 տեսակներ կարող են առաջացնել կանդիդոզ, որոնցից առավել հաճախ հանդիպում է սպիտակ Կանդիդան (անգլ.՝ Candida albicans[2]): Բերանի ինֆեկցիան ամենահաճախը հանդիպում է 1 ամսականից քիչ երեխաների, մեծահասակների և թույլ իմունիտետով մարդկանց մոտ[6]։ Թուլացած իմունիտետի պատճառներից են ՁԻԱՀ-ը, օրգանի փոխպատվաստումից հետո օգտագործված դեղորայքը, դիաբետը և կորտիկոստերոիդների օգտագործումը[6]։ Այլ ռիսկերից են պրոտեզների կիրառումը և հակաբիոտիկային թերապիան[6]։ Հեշտոցային ինֆեկցիաները առաջանում են ավելի հաճախ հղիների, թույլ իմունիտետ ունեցողների և հակաբիոտիկային բուժում ստացողների մոտ[7]։ Ինվազիվ կանդիդոզի ռիսկի խմբի մեջ են ցածր քաշով ծնված երեխաները, վիրահատությունից հետո վերականգնվող մարդիկ, վերակենդանացման բաժանմունքում բուժվող հիվանդները, թուլացած իմունիտետով մարդիկ[8]։
Կանխարգելող միջոցներից է բերանի ողողումը քլորհեքսիդինով այն մարդկանց մոտ, որոնք ունեն թուլացած իմունիտետ և ողողումը ինհալացիոն ստերոիդների օգտագործումից հետո[9]։ Պրոբիոտիկների օգտագործումը կարող է լինել կանխարգելիչ միջոց և օգտագործվել նաև բուժման մեջ[10][11]։ Բերանի ինֆեկցիաների դեպքում բուժումը տեղային կլոտրիմազոլով և նիստատինով սովորաբար արդյունավետ է լինում[9]։ Դրանց անարդյունավետության դեպքում օգտագործվում է ներերակային ֆլյուկոնազոլ, իտրակոնազոլ[9]։ Բազմաթիվ տեղային ազդեցության հակասնկային պրեպարատներ կարող են օգտագործվել վագինալ կանդիդոզի դեպքում[12]։ Տարածուն ախտահարման դեպքում օգտագործվում է կասպոֆունգին կամ միկաֆունգին[13]։ Բարձր ռիսկի խմբի մարդկանց մոտ հակասնկային պրեպարատները կարող են օգտագործվել որպես կանխարգելիչ միջոց[8][13]։
Բերանի ինֆեկցիաները առաջանում են 1 ամսականից քիչ երեխաների մոտ 6%-ի մոտ[14]։ Քիմիոթերապիա ստացողների 20%-ի և ՄԻԱՎ վարակ ունեցողների 20%-ի մոտ կարող է առաջանալ կանդիդոզ[14]։ Կանանց 75%-ը ունեցել է կանդիդոզի ինչ-որ տեսակ իրենց կյանքի ընթացքում[15]։ Տարածուն ախտահարումը շատ հազվադեպ է լինում, բացի այն մարդկանցից, ովքեր ռիսկի խմբում են[16]։