Կանայք գիտության մեջ
From Wikipedia, the free encyclopedia
Կանանց ներկայությունը գիտության մեջ ընդգրկում է գիտության պատմության ամենավաղ ժամանակները, որտեղ նրանք նշանակալի ներդրում ունեն։ Գենդերով և գիտությամբ հետաքրքրված պատմաբանները հետազոտել են կանանց գիտական ջանքերն ու ձեռքբերումները, խոչընդոտները, որոնց բախվել են կանայք, և ռազմավարությունները, որոնք իրականացվել են, որպեսզի նրանց աշխատանքը «գրախոսվի» և ընդունվի խոշոր գիտական ամսագրերում և այլ հրապարակումներում։ Այս հարցերի պատմական, քննադատական և սոցիոլոգիական ուսումնասիրությունն ինքնին դարձել է գիտական բնագավառ։
Բժշկության մեջ կանանց ներգրավումը տեղի է ունեցել մի քանի վաղ արևմտյան քաղաքակրթություններում, իսկ Հին Հունաստանում բնափիլիսոփայության ուսումնասիրությունը բաց է եղել կանանց համար։ Կանայք մ.թ. առաջին կամ երկրորդ դարերում իրենց ներդրումն են ունեցել ալքիմիայի պրոտոգիտության մեջ։ Միջնադարում կրոնական մենաստանները եղել են կանանց կրթության կարևոր վայր, և այդ համայնքներից ոմանք հնարավորություն են ընձեռել կանանց նպաստել գիտական հետազոտություններին։ 11-րդ դարում առաջացել են առաջին միջնադարյան համալսարանները, իսկ կանայք, մեծ մասամբ, դուրս են մնացել համալսարանական կրթությունից[1]։
Բուսաբանությունը որպես ակադեմիական շրջանակներից դուրս գիտություն, ամենաշատն է օգուտ քաղել վաղ ժամանակակից ժամանակաշրջանի կանանց ներդրումներից[2]։ Բժշկական ոլորտներում կանանց կրթելու նկատմամբ վերաբերմունքը, ըստ երևույթին, ավելի ազատական է եղել Իտալիայում, քան այլ վայրերում։ Առաջին հայտնի կինը, ով գիտական ուսումնասիրությունների ոլորտում համալսարանական ամբիոնում դասավանդելու թույտվություն է ստացել, տասնութերորդ դարի իտալացի գիտնական Լաուրա Բասսին է[3]։
Գենդերային դերերը հիմնականում դետերմինիստական են եղել տասնութերորդ դարում, և կանայք զգալի առաջընթաց են գրանցել գիտության մեջ։ Տասնիններորդ դարում կանայք դուրս են մնացել պաշտոնական գիտական կրթության մեծ մասից, սակայն այս ժամանակահատվածում նրանք սկսել են ընդունվել ուսյալ միությունների շարքերը։ Տասնիններորդ դարի վերջին, կանանց քոլեջների վերելքը աշխատատեղեր են ստեղծել կին գիտնականների համար և հնարավորություններ կրթության համար։ Մարի Կյուրին ճանապարհ է հարթել գիտնականների համար ռադիոակտիվ քայքայման ուսումնասիրության համար և հայտնաբերել է ռադիում և պոլոնիում տարրերը[4]։ Աշխատելով որպես ֆիզիկոս և քիմիկոս, նա ռադիոակտիվ քայքայման վերաբերյալ առաջին հետազոտություններն է անցկացրել և առաջին կինն է, ով ստացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակ և դարձել է առաջին մարդը, ով ստացել է քիմիայի ոլորտում երկրորդ Նոբելյան մրցանակը։ 1901-2022 թվականների ընթացքում 60 կին արժանացել է Նոբելյան մրցանակի։ Ֆիզիկայի, քիմիայի, ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառներում Նոբելյան մրցանակի են արժանացել քսանչորս կանայք[5]։