Կաթ
From Wikipedia, the free encyclopedia
Կաթ, սպիտակ գույնի սննդարար հեղուկ, որն արտադրում են էգ կաթնասունների կաթնագեղձերը։ Կաթը լակտացիայի ընթացքում մարդու և կաթնասուն կենդանիների կաթնագեղձում սինթեզվող արտազատուկ, ֆիզիոլոգիական նշանակությամբ՝ նորածին երեխայի կամ ձագի անփոխարինելի սնունդ։ Ծննդաբերությունից հետո, առաջին օրերին կաթնագեղձերն արտադրում են խիժ, որն աստիճանաբար վերածվում է սովորական կաթի։ Մոր կաթը պարունակում է երեխային անհրաժեշտ բոլոր սննդանյութերը։ Կնոջ կաթի կալորիականությունը 65-70 կկալ/100 գ է, pH=6, 9—7, 5, խտությունը՝ 1,030-1,032 գ/սմ³։ Պարունակում է ջուր՝ 87,4, կազեին՝ 0,91, ալբումին և գլոբուլին՝ 1,23, ճարպ՝ 3,76, կաթնաշաքար՝ 6,29, մոխիր՝ 0,31 %, նաև որոշ քանակությամբ հանքային աղեր, վիտամիններ (A, B, C և D)։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաթ (այլ կիրառումներ)
Կաթ | |
---|---|
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթատեսակ | սննդամթերք, սննդային բաղադրամաս, հեղուկ մարմնում, Էմուլսիա[1], սեկրեցիա[2], անհատական անատոմիական կառուցվածք, կաթնային ըմպելիք և ոչ ալկոհոլային խմիչք |
Բաղադրամասեր | հեղուկ ջուր[1], սպիտակուց, Ճարպ և նատրիումի քլորիդ |
Գույն | սպիտակ |
Milk Վիքիպահեստում |
Գյուղատնտեսական կենդանիների կաթը համարվում է արժեքավոր սննդանյութ։ Լայնորեն օգտագործվում է հատկապես կովի, ավելի քիչ՝ այծի, ոչխարի, գոմեշի, ձիու, ուղտի, էշի, զեբուի, յակի և հյուսիսային եղջերուի կաթ։ Կաթից պատրաստում են կարագ, պանիր, կաթնաթթվային մթերք, պաղպաղակ և այլն։ Կենդանիների կաթը սպիտակ կամ դեղնավուն երանգով, աննշան քաղցրությամբ հեղուկ է։ Տարբեր կենդանիների կաթի քիմիական կազմը և սննդարարությունը տարբեր են։