Ծռված անտառ
From Wikipedia, the free encyclopedia
Ծռված անտառ (լեհերեն՝ Krzywy Las), բնության հուշարձան Լեհաստանի Հանրապետության Արևմտապոմերյան վոևոդության Գրիֆինոյի շրջանում, Նովե Չառնովո գյուղի և Դոլնա Օդրա էլեկտրակայանի աշխատողների ավանի մերձակայքում։ Զբաղեցնում է 1,7 հեկտար տարածք։ Այդ անտառով է անցնում Շչեցին Կլյուչից Մեշկովիցե տանող զբոսաշրջային կարմիր երթուղի-արահետը։
Ծռված անտառ | |
---|---|
Տեսակ | անտառ |
Երկիր | Լեհաստան |
Վարչատարածք | Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն |
ԲԾՄ | 70 մետր |
Մակերես | 0,3 կմ² |
Անվանումն առաջացել է անտառի մի հատվածում աճող, սովորական տեսակի, սակայն ինչ-որ պատճառով միանման ծռված շուրջ 100 սոճիների կապակցությամբ[1]։ Այդ ծառերը գետնից 20 սանտիմետր բարձրության վրա ծռված են մոտավորապես 90 աստիճանի տակ, և ծռվածքը որոշ դեպքերում հասնում է մինչև 3 մետր բարձրության։ Ծառերի ամբողջական բարձրությունը 11–12 մետր է։ Դրանք տնկվել են 20-րդ դարի 30-ական թվականներին, ամենայն հավանականությամբ՝ 1934-ին[2]):
Ուսումնասիրողները տարբեր վարկածներ են առաջ քաշել ծառերի միատեսակ ծռվածությունը բացատրելու համար։ Վարկածներից մեկի համաձայն՝ այդ ծառերը տնկած մարդկանց նպատակադրված գործողությունների արդյունք է դա։ Վերջիններս ծառերին այդպիսի տեսք են հաղորդել հետագայում դրանցից կահույք[3], մակույկներ, սահնակներ[4] պատրաստելու նպատակով։
Galileo ծրագրում ընդգրկված պրոֆեսոր Կրեմերի կարծիքով՝ այդ սոճիները 6-10 տարեկանում հատել են ամանորյա տոնածառ դարձնելու նպատակով, կտրել են նաև հատված բնի ճյուղերը՝ թողնելով միայն ամենացածր ճյուղերից մեկը, որը շարունակել է աճել, բայց արդեն ուղղահայաց, և ժամանակի ընթացքում ծառն ստացել է յուրահատուկ ծռված տեսք[5][6]։