Լուիսվիլ
From Wikipedia, the free encyclopedia
Լուիսվիլ (երբեմն գրվում է Լուիսվիլլ, կարդացվում է [ˈluːǝvǝl] կամ [ˈluːiːvɪl]), քաղաք ԱՄՆ-ի արևելյան մասում, Կենտուկի նահանգում։ Կենտուկիի ամենամեծ քաղաքն է։ Բնակչության թվով համարվում է Միացյալ Նահանգների 17-րդ կամ 27-րդ քաղաքը՝ կախված հաշվարկի եղանակից։ Բնակավայրը, որը հետագայում դարձավ Լուիսվիլ քաղաք, հիմնվել է 1778 թվականին Ջորջ Ռոջերս Կլարկի կողմից և անվանվել է ի պատիվ ֆրանսիացի թագավոր Լյուդովիկոս XVI-ի։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Լուիսվիլ | |||
անգլ.՝ Louisville | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Հիմնադրված է | 1778 թ. | ||
Մակերես | 171,695795 կմ² | ||
ԲԾՄ | 142±1 մետր | ||
Բնակչություն | ▼246 161 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||
Ժամային գոտի | EDT?, UTC-5 և UTC−4 | ||
Հեռախոսային կոդ | 502 | ||
Փոստային դասիչ | 41005 | ||
Պաշտոնական կայք | louisvilleky.gov(անգլ.) | ||
| |||
Լուիսվիլը գտնվում է Կենտուկիի հյուսիսային մասի կենտրոնում, Ինդիանա նահանգի սահմանին, Օհայո գետի միակ բնական արգելքի՝ Օհայոի ջրվեժների մոտ։ 2003 թվականից Լուիսվիլը հանդիսանում է Ջեֆերսոն շրջանի կենտրոնը, որոնց միավորումից հետո քաղաքի և շրջանի սահմանները համընկնում էին։ Քանի որ այս տարածքն ներառում է հարավային Ինդիանայի որոշ շրջաններ, ուստի Լուիսվիլ մետրոպոլիայի տարածքը հաճախ անվանում են «Կենտուկիանա»։ Չնայած Լուիսվիլը գտնվում է երկրի միջին արևմուտքի և հարավի խաչմերուկում, այնուհանդերձ այն համարում են ԱՄՆ-ի «հարավային» քաղաքներից մեկը։ Շնորհիվ իր տարածքային տեղակայման, քաղաքը հաճախ անվանում են Միացյալ Նահանգների կամ «ամենահյուսիսային հարավային», կամ էլ «ամենահարավային հյուսիսային» քաղաք[2][3]։
Լուիսվիլը հայտնի է «Սպորտի ամենահուզիչ երկու րոպեներով»՝ «Կենտուկի դերբիով»՝ ամերիկյան «Եռակի թագի» ամենաճանաչված ձիարշավներով։ Քաղաքում ծնված հայտնի մարդկանցից են գրող և լրագրող, գոնզո-լրագրության հիմնադիր Հանթեր Ս. Թոմփսոնը, բռնցքամարտի լեգենդ Մուհամեդ Ալին, դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը, ռեժիսոր Գաս Վան Սենտը, երկար ժամանակ Լուիսվիլում է ապրել գյուտարար Թոմաս Էդիսոնը։ Այս քաղաքում է առաջին անգամ հանրությանը ներկայացվել Էդիսոնի լամպը, առաջին անգամ բացվել է գրադարան աֆրոամերիկացիների համար[4][5], առաջին անգամ է կատարվել մարդու կենդանի ձեռքի փոխպատվաստում[6], արհեստական սրտի առաջին փակ փոխպատվաստումը[7], և այժմ այստեղ իրականացվում են արգանդի վզիկի քաղցկեղի պատվաստուկի հետազոտություններ[8]։