Լոնդոնի մեծ հրդեհ
From Wikipedia, the free encyclopedia
Լոնդոնի մեծ հրդեհ (անգլ.՝ Great Fire of London), խոշոր հրդեհ, որը տեղի է ունեցել Լոնդոն քաղաքում 1666 թվականին[1] և ավերել է քաղաքի կենտրոնական Լոնդոնյան Սիթի շրջանի զգալի մասը։ Այն այրել է 13,200 տուն, 87 ծխական եկեղեցի, Սուրբ Պողոսի տաճարը և Սիթիի բազմաթիվ իշխանական կառույցներ։ Այն սկսվել է մի կիրակի օր` սեպտեմբերի 2-ին, և ավարտվել է չորեքշաբթի օրը` սեպտեմբերի 5-ին։ Հրդեհը նաև սպառնում էր ոչնչացնել արիստոկրատական Վեսթմինսթեր թաղամասը, ինչպես նաև Լոնդոնի ծայրամասերի խարխլված տները[2], սակայն բարեբախտաբար չի հասցնում։ Համարվում է, որ հրդեհը ոչնչացրել է 80 000 բնակիչ ունեցող Լոնդոնյան Սիթի շրջանի 70 000 բնակելի տուն[3]։
Թեև հրդեհը խլել է շատերի կյանքը, մահացածների թիվն անհայտ է, և պաշտոնապես գրանցված է ընդամենը 6 զոհ (ենթադրվում է, որ աղքատների և միջին խավի մարդկանց անունները չեն գրանցվել)։ Պուդինգի նրբանցքում հնագետների կողմից գտնված հալված խեցու կտորը, որն այժմ տեղադրված է Լոնդոնի թանգարանում, ապացուցում է, որ հրդեհի ջերմաստիճանը հասել է մինչև 1250° Ցելսիուսի սանդղակով[4]։