Իտալիայի հրաբխականություն
From Wikipedia, the free encyclopedia
Իտալիան գտնվում է Եվրասիական և Աֆրիկյան սալերի բախման կետում։ Այն ակտիվ հրաբխային երկիր է և ներառում է ցամաքային Եվրոպայի միայն ակտիվ հրաբխային գագաթները (մինչդեռ հրաբխային կղզիներ կան նաև Հունաստանում՝ Հարավեգեյան հրաբխային աղեղ)։ Ենթադրվում է, որ Իտալիայի հրաբուխներից ժայթքած լավան առաջացել է այդ սալերի սուդուկցիայի արդյունքում։
Գոյություն ունեն հրաբխային երեք հիմնական խմբեր. Իտալիայի կենտրոնական մասի երկայնքով հյուսիս-արևմուտք ձգվող հրաբխային կենտրոնների գիծը (տես՝ Կամպանյան հրաբխային աղեղ), Լիպարյան կղզիները Սիցիլիայի հյուսիս-արևելքում, և մյուս խումբը՝ Սիցիլիայից հարավ-արևմուտք՝ Պանտելերիա կղզու շուրջ, Միջերկրական ծովի Սիցիլիայի նեղուցում։ Սարդինիան Իտալիայի մնացած մասի համեմատ ունի աշխարհագրական բավականին այլ պատմություն։ Այն եղել է տեկտոնական բազմաթիվ շարժումների կենտրոն, որոնցից վերջինն ավարտվել է Պլեյստոցենի սկզբում։ Այժմ այստեղ միայն հանգած հրաբուխներ են[1]։
Խտաբնակ շրջաններում իրենց դիրքի համար Էտնան և Վեզուվն ընդգրկվել են «Դարաշրջանի հրաբուխներ» համաշխարհային ցուցակի կազմում՝ ավելի խիստ հսկողության ենթարկվելու համար[2]։ «Դարաշրջանի հրաբուխներ»-ը Երկրի ընդերքի հրաբխագիտության և քիմիայի միջազգային ասոցացիայի կողմից հրապարակվող ցանկ է՝ որպես ՄԱԿ-ի նախագիծ, որը, ընդհանուր առմամբ, ընդգրկում է ողջ աշխարհով տարածված 16 հրաբուխների մասին տեղեկություններ[2]։
Իտալիան եղել է առաջին պետությունը, որն օգտագործել է երկրաջերմային էներգիան էլեկտրականություն ստանալու նպատակով[3]։ Երկրաջերմային բարձր գրադիենտը, որը կազմում է թերակղզու մի մասը, այն պոտենցիալ շահագործելի է դարձնում նաև այլ տարածաշրջաններում։ 1960-ականներին և 1970-ականներին կատարված հետազոտություններից հայտնաբերվել են երկրաջերմային շրջաններ Լացիոյում և Տոսկանայում, ինչպես նաև հրաբխային կղզիների մեծ մասում[3]։