Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակ
From Wikipedia, the free encyclopedia
Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակ (ֆր.՝ Joseph Louis Gay-Lussac, դեկտեմբերի 6, 1778(1778-12-06)[1][2], Սեն Լեոնարդ դե Նոբլատ[2] - մայիսի 9, 1850(1850-05-09)[3][4][5][…], Փարիզ[6][2]), ֆրանսիացի ֆիզիկոս և քիմիկոս, 1806 թվականից Փարիզի ԳԱ անդամ, 1826 թվականից Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան պատվավոր անդամ։ Հիմնականում զբաղվել է գազերի ուսումնասիրությամբ։ Հայտնի է Գեյ-Լյուսակի՝ ջրային լուծույթներում ալկոհոլի պարունակության չափման մեթոդը։
1800 թվականին ավարտել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոցը։ 1809 թվականից այդ դպրոցի քիմիայի և Սորբոնի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր։ 1802 թվականին, Ջոն Դալթոնից անկախ, հայտնագործել է գազերի ջերմային ընդարձակման օրենքը։ 1804 թվականին, ժ․ Բիոյի հետ միասին, ուսումնասիրել է մթնոլորտի վերին շերտերը և պարզել, որ 7000 մ բարձրության վրա Երկրի մագնիսականության ինտենսիվության փոփոխությունը զգալի չէ, և այդ բարձրության վրա օդն ունի նույն կազմությունը, ինչ որ Երկրի մակերևույթին։ 1808 թվականին հայտնաբերել է գազերի ծավալային հարաբերությունների օրենքը։ Նույն թվականին Լ․ Թենարի հետ մշակել է նատրիումի և կալիումի ստացման եղանակ, անջատել նաև ազատ (ոչ մաքուր) բոր։ 1813-1814 թվականներին, Գ․ Դևիի հետ միաժամանակ, ցույց է տվել, որ յոդը քլորին շատ նման քիմիական տարր է և ստացել յոդի միացությունները, մասնավորապես յոդաջրածինը։ 1811 թվականին ստացել է մաքուր կապտաթթու, իսկ 1815 թվականին՝ ցիան (դիցիան)։ Ի․ Բերցելիուսի և Ի․ Դյոբերայների հետ Գեյ-Լյուսակը կատարելագործել է օրգանական տարրական անալիզը (1815), իսկ 1824-1832 թվականներին՝ տիտրման մեթոդները[14]։