Թարմ քամի։ Վոլգա
From Wikipedia, the free encyclopedia
«Թարմ քամի։ Վոլգա», «Զով քամի։ Վոլգա» (ռուս.՝ Свежий ветер. Волга), ռուս նկարիչ Իսահակ Լևիտանի (1860-1900) բնանկարը, որը նկարիչն ավարտել է 1895 թվականին։ Բնանկարը գտնվում է Տրետյակովյան պատկերասրահում (ինվենտար համար` 1488), չափերը` 72 × 123 սմ[1]։ Լևիտանի ստեղծագործությունների հետազոտողները ենթադրում են, որ բնանկարի ստեղծման գաղափարը ծագել է 1890 թվականին՝ Վոլգա կատարած ուղևորության ընթացքում[2][3]։
Թարմ քամի։ Վոլգա | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Իսահակ Լևիտան |
տարի | 1885 |
բարձրություն | 72 սանտիմետր |
լայնություն | 123 սանտիմետր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
Ծանոթագրություններ | |
Fresh Wind. Volga Վիքիպահեստում |
Կտավի վրա Լևիտանն աշխատել է մի քանի տարի։ Առաջին տարբերակը թվագրվում է 1891 թվական, իսկ վերջնական տարբերակը պատրաստ էր 1895 թվականին։ 1896 թվականին կտավը ցուցադրվել է Պետերբուրգում բացված շրջիկ («պերեդվիժնիկների») գեղարվեստական ցուցահանդեսային ընկերության 24-րդ ցուցահանդեսում, նույն տարում էլ կտավը հեղինակից ձեռք է բերվել արվեստի հովանավոր և կոլեկցիոներ Միխայիլ Մորոզովի կողմից։ 1910 թվականին Մորոզովի կտակով կտավը փոխանցվում է Տրետյակովյան պատկերասրահին[1]։
«Թարմ քամի։ Վոլգա» կտավը դասվում է Լևիտանի 1895-1987 թվականների «կենսահաստատ, աշխույժ ստեղծագործությունների» շարքին, որտեղ ընդգրկված են նաև «Մարտ» (1895), «Ոսկե աշուն» (1895), «Գարուն։ Մեծ ջուր» (1897) և այլ գործերը[4][5]։ Արվեստագետ Ալեքսեյ Ֆեոդորով-Դավիդովը գրել է, որ այս կտավը փոխանցում է «կյանքի տոնական նկարը», այն «լեցուն է կյանքով, նրա զվարթ և ուժեղ շնչով, ռիթմով, որն արտահայտում է այդ զով քամին ջրային տարածքում»[6]։ Արվեստագետ Ֆաինա Մալցևայի կարծիքով Լևիտանին հաջողվել է ընտրել «մի թեմա, որտեղ բացահայտել է վոլգյան բնապատկերի հզոր գեղեցկությունը, իր ողջ շքեղ փայլի մեջ»[7]։