Էկոլոգիա
From Wikipedia, the free encyclopedia
Էկոլոգիա (հուն․՝ οἶκος, «տուն» կամ «միջավայր», -λογία «գիտություն» կամ «հետազոտություն»)[A], կենսաբանության բաժին[1], որն ուսումնասիրում է կենդանի օրգանիզմները, կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի միջև եղած փոխհարաբերությունները։ Էկոլոգիայի ուսումնասիրության առարկան օրգանիզմների, ինչպես նաև օրգանիզմների և միջավայրի աբիոտիկ (անկենդան) բաղադրիչների միջև գործող փոխհարաբերություններն են։ Հետաքրքրությունների առարկա են կենսաբազմազանությունը, տարածվածությունը, կենսազանգվածը և օրգանիզմների պոպուլյացիաները, նույն կամ տարբեր տեսակների միջև գործող համագործակցությունն ու մրցակցությունը։ Էկոհամակարգերը օրգանիզմների՝ դինամիկ փոխհարաբերվող համակարգեր են՝ օրգանիզմների կազմած համայնքները և միջավայրի անկենդան բաղադրիչները։ Էկոհամակարգերում ընթացող գործընթացները՝ առաջնային արտադրությունը, պեդոգենեզը, սննդանյութերի շրջապտույտը և էկոլոգիական խորշի կառուցումը կարգավորում է շրջակա միջավայրի միջով ընթացող էներգիայի և նյութի հոսքը։ Այս գործընթացները իրականացնում են էվոլյուցիայի ընթացքում տարբեր հատկանիշներ ձեռք բերած օրգանիզմները։ Կենսաբազմազանությունը տեսակների, գեների և էկոհամակարգերի բազմազանությունն է, որը նպաստում է որոշ էկոհամակարգային ծառայությունների իրականացմանը։
Էկոլոգիան միջավայրապաշտպանության, բնագիտության կամ շրջակա միջավայրի պահպանության հոմանիշը չէ։ Այն կապված է էվոլյուցիոն կենսաբանության, գենետիկայի և էթոլոգիայի հետ։ Էկոլոգների համար կարևոր է հասկանալ, թե ինչպես է կենսաբազմազանությունը ազդում էկոլոգիական գործընթացների վրա։ Էկոլոգները ուսումնասիրում են՝
- Կենսական գործընթացները, կենդանի ձևերի փոխհարաբերությունները և հարմարողականությունը։
- Օրգանիզմների համայնքներում տեղի ունեցող նյութի և էներգիայի շարժումը։
- Էկոհամակարգերի հաջորդական զարգացումը՝ սուկցեսիաները։
- Կենդանի օրգանիզմների բազմազանությունը և տարածումը, շրջակա միջավայրի և կենսաբազմազանության փոխհարաբերությունը։
Էկոլոգիան կիրառվում է ընդերքի պահպանության, ջրաճահճային հանդակների կառավարման, բնական ռեսուրսների կառավարման (ագրոէկոլոգիա, գյուղատնտեսություն, անտառաբուծության, ագրոանտառաբարլավում, ձկնաբուծություն և այլն), քաղաքների նախագծման (քաղաքային էկոլոգիա), համայնքների առողջության, կանաչ տնտեսագիտության տեսական և կիրառական բնագավառներում և մարդու սոցիալական փոխհարաբերություններում (մարդու էկոլոգիա)։ Օրինակ՝ կայուն զարգացման մոտեցման համաձայն, էկոլոգիան ավելին է քան շրջակա միջավայրը, այն մարդուց անջատ չէ։ Կենդանի օրգանիզմները (այդ թվում՝ մարդը) և ռեսուրսները ձևավորում են էկոհամակարգեր, որոնք իրենց հերթին ապահովում են Երկրի կենդանի և անկենդան բաղադրիչները կառավարող կենսաֆիզիկական հետադարձ կապի մեխանիզմները։ Էկոհամակարգերը ապահովում են կյանքն ու կենսական գործընթացները, արտադրում բնական ռեսուրսներ, կարգավորում կլիման, գլոբալ կենսաերկրաքիմիական շրջապտույտները, ջրի ֆիլտրումը, հողագոյացումը, էրոզիան և շատ բնական երևույթներ, որոնք ունեն գիտական, պատմական, տնտեսական կամ այլ նշանակություն։
Էկոլոգիա բառը («Ökologie») առաջին անգամ կիրառել է Էռնստ Հեկկելը՝ «Օրգանիզմների ընդհանուր մորֆոլոգիա» գրքում (գերմաներեն՝ «Generelle Morphologie der Organismen») 1866 թվականին։ Էկոլոգիական միտքը ներկայիս փիլիսոփայության, հատկապես՝ էթիկայի և քաղաքականության արգասիքն է[2]։ Հին հույն փիլիսոփաները՝ Հիպոկրատը և Արիստոտելը իրենց բնագիտական հետազոտություններում նկարագրել են էկոլոգիայի հիմնական գաղափարները։ Ժամանակակից էկոլոգիան ձևավորվել և իր զարգացումն է ապրել 19-րդ դարի վերջին։ Հարմարողականության և բնական ընտրության էվոլյուցիոն պատկերացումները դարձել են էկոլոգիական տեսության հիմնաքարերը։
Էկոլոգիան անդրադառնում է ամբողջ կյանքի վրա, փոքրիկ բակտերիաներից մինչև գործընթացները, որոնք տարածվում են ամբողջ մոլորակի վրա։ Էկոլոգները ուսումնասիրում են շատ բազմազան ու միջտեսակային հարաբերություններ։ |