Երկրի մագնիսական դաշտ
From Wikipedia, the free encyclopedia
Երկրի մագնիսական դաշտ, գեոմագնիսական դաշտ, Երկրի շուրջը գոյություն ունեցող հաստատուն և փոփոխական մագնիսական դաշտ, որը ձգվում է տարածության մեջ՝ դիմագրավելով արեգակնային քամուն։ Երկրի մագնիսական դաշտը չի թողնում, որ Արեգակից եկող, օրգանական կյանքի համար կործանարար մասնիկների հոսքը հասնի Երկրի մակերևույթ։ Երկրի մագնիսականությունը պայմանավորված է այդ դաշտով։ Հաստատուն դաշտը (ծագման պատճառները դեռևս ստույգ բացահայտված չեն) Երկրի տարբեր կետերում տարբեր է և ենթարկվում է դանդաղ, դարավոր փոփոխությունների։ Այդ փոփոխությունների հետևանքով Երկրի մագնիսական բևեռները, որոնք չեն համընկնում աշխարհագրական բևեռների հետ, ժամանակի ընթացքում տեղաշարժվում են։ Հաստատուն մագնիսական դաշտը առաջին մոտավորությամբ կարելի է փոխարինել դիպոլի (մագնիսական մոմենտը՝ 8.3×1025 CGSM, Երկրի պտտման առանցքի հետ կազմած անկյունը՝ 11.5°) կամ համասեռ գնդի մագնիսական դաշտով։ Փոփոխական դաշտը կամ մագնիսական վարիացիան պայմանավորված է երկրի մակերևույթին և նրան հարող մթնոլորտի շերտերի էլեկտրական հոսանքներով և արեգակնային գործունեությամբ։