Երկարատև դեպրեսիա
From Wikipedia, the free encyclopedia
Երկարատև դեպրեսիա (անգլ.՝ Long Depression, 1873-1896), համաշխարհային տնտեսական ճգնաժամ, առավել ծանր արտահայտվել է Եվրոպայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որոնք ԱՄՆ-ում Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո և Երկրորդ արդյունաբերական հեղափոխության (կամ գիտատեխնիկական հեղափոխության) շնորհիվ գտնվում էին ինտենսիվ տնտեսական աճի փուլում։ Մինչև 1930-ական թվականների դեպրեսիան Երկարատև դեպրեսիան կրում էր Մեծ դեպրեսիա անվանումը։ Չնայած ընդհանուր դեֆլյացիայի և ցածր տնտեսական աճի տեմպերի շրջանը սկսվել էր 1873 թվականին (և ավարտվել է մինչև 1896 թվականը), իր նշանակալիությամբ այն անհամեմատելի է 1930-ականների Մեծ ճգնաժամի ժամանակ «տնտեսության բացառիկ ռեցեսիայի և ահագնացող ճգնաժամի» հետ[1]։
Համարվում է, որ Երկարատև դեպրեսիան առավել արտահայտված է եղել Արևմտյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում, ընդ որում պակաս կարևոր չէ, որ այդ ժամանակաշրջանում առավելապես այդ տարածաշրջաններում էին տնտեսության մասին հավաստի տվյալները համեմատաբար հասանելի։ Մասնագետներից շատերը համարում են, որ Մեծ Բրիտանիան առավել շատ է տուժել Երկարատև դեպրեսիայից. այդ ժամանակ Մայրցամաքային Եվրոպայի համեմատ նրա արդյունաբերական արտադրանքը նկատելիորեն կրճատվեց[2]։
Նախկինում լայն տարածում էր գտել այն տեսակետը, որ Մեծ Բրիտանիայի տնտեսական ճգնաժամը սկսվել էր 1873 թվականին և չէր ընդհատվել մինչև 1896 թվականը, և որոշ աղբյուրներում այդ ժամանակաշրջանը անվանում են 1873-1896 թվականների Մեծ դեպրեսիա (անգլ.՝ Great Depression of 1873–96)[3]:
ԱՄՆ-ի տնտեսագետները, որպես կանոն, Երկարատև դեպրեսիան անվանում են 1873-1879 թվականների դեպրեսիա (անգլ.՝ Depression of 1873–79), սկիզբը համարելով 1873 թվականի խուճապը (անգլ.՝ Panic of 1873), ավարտը՝ 1893 թվականի խուճապը (անգլ.՝ Panic of 1893)[4]) համարում է, որ խուճապին հաջորդող տնտեսական աշխուժության անկումը ձգվել է 1873 թվականի հոկտեմբերից մինչև 1879 թվականի մարտ ամիսը։ Սա Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի կողմից արձանագրված ամենատևական ռեցեսիան է. 65 ամիս, որը գերազանցել է Մեծ դեպրեսիայի ընթացքում (43 ամիս) տնտեսական ակտիվության անկման տևողությանը[5][6]։ Խուճապից հետո ԱՄՆ տնտեսությունը սկսեց արագորեն աճել. 1870-ական և 1880-ական թվականները համարվում են ԱՄն-ի պատմության ամենամեծ տնտեսական աճի տարիները[7]։