Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ-հոդված / From Wikipedia, the free encyclopedia
Գրականության Նոբելյան մրցանակ (շվեդ.՝ Nobelpriset i litteratur), հեղինակավոր պարգև, որն ամեն տարի հանձնում է Շվեդական ակադեմիան գրականության ոլորտում ակնառու ներդրումների համար։ Այն հինգ Նոբելյան մրցանակներից մեկն է, որոնք հիմնվել են Ալֆրեդ Նոբելի կտակով՝ գրված 1895 թվականի նոյեմբերի 27-ին Փարիզում, և տրվում են քիմիայի, ֆիզիկայի, գրականության, խաղաղության և ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտներում բացառիկ նվաճումների համար[1]։ Համաձայն Նոբելի կամքի՝ մրցանակի պատասխանատուն Նոբելյան հիմնադրամն է, և պարգևատրում է կոմիտեն, որը բաղկացած է Շվեդական ակադեմիայի կողմից ընտրված հինգ անդամներից[2]։ Գրականության Նոբելյան մրցանակը տրվում է ամեն տարի՝ սկսած 1901 թվականից։ Այդ ընթացքում տրվել է 109 մրցանակ 113 մարդու[3]։ Պարգևատրություն տեղի չի ունեցել յոթ տարի՝ 1914, 1918, 1935, 1940-1943 թվականներին[3][Ն 1]։ 1901 թվականին առաջին մրցանակակիրը եղել է ֆրանսիացի պոետ և ակնարկագիր Սյուլի-Պրյուդոմը։ Մրցանակի պատմության ողջ ընթացքում միաժամանակ երկու մրցանակակիրներ պարգևատրվել են չորս անգամ՝ 1904, 1917, 1966 և 1974 թվականներին։ Շվեդական ակադեմիայի մշտական քարտուղար Պետեր Էնգլունդի կարծիքով՝ դա պայմանավորված է գրականության բնույթով՝ ի տարբերություն գիտության կամ հարակից ոլորտների, որտեղ կարելի է աշխատել միասին[4]։ Յուրաքանչյուր մրցանակակիր ստանում է մեդալ, պատվոգիր և դրամական պարգև, որն ամեն տարի տարբեր է[5]։ 1901 թվականին Պրյուդոմն ստացել է 150,782 շվեդական կրոնա, որը 2007 թվականի դեկտեմբերի դրությամբ համարժեք է 7,731,004 շվեդական կրոնայի։ Մրցանակը տրվում է Նոբելի մահվան տարելիցի օրը՝ դեկտեմբերի 10-ին` Ստոկհոլմում տեղի ունեցող ամենամյա հանդիսավոր արարողության ժամանակ[6]։
1958 թվականին արժանանալով մրցանակին` ռուս գրող Բորիս Պաստեռնակը Խորհրդային Միության կառավարության ճնշման տակ ստիպված էր հրաժարվել դրանից։ 1964 թվականի Ժան Պոլ Սարտրը հրաժարվեց ընդունել Նոբելյան մրցանակը, քանի որ նա հետևողականորեն հրաժարվում էր բոլոր պաշտոնական պատիվներից[7]։
Գրականության Նոբելյան մրցանակի արժանացել են 17 կին, ավելին, քան որևէ այլ Նոբելյան մրցանակի, բացառությամբ Խաղաղության Նոբելյան մրցանակը[8]։ 1901-2015 թվականների մրցանակակիրների միջին տարիքը կազմում է 65 տարի։ Գրականության նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը եղել է Ռեդյարդ Կիպլինգը, որն ստացել է պարգևը 1907 թվականին՝ 42 տարեկանում։ Ամենատարեցը պարգևատրման պահին եղել է Դորիս Լեսինգը՝ 88 տարեկան։ Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկում ամենատարածված ծննդյան օրերը մայիսի 21-ը և փետրվարի 28-ն են[9]։ Ոչ ոք մեկից ավելի գրականության Նոբելյան մրցանակի չի արժանացել։ Ամենատարածված ժանրն արձակն է, 76 մրցանակակիրներ եղել են արձակագիր[10]։
Մրցանակի հանձնման ժամանակ հայտնի է դառնում միայն հաղթողի անունը։ Մնացած առաջադրված թեկնածուների անունները և Նոբելյան կոմիտեի անդամների կարծիքները գաղտնի են պահվում. հրապարակվում է միայն 50 տարի անց։ Մրցանակի պաշտոնական կայքում հասանելի է մինչև 1950 թվականը ներառյալ եղած թեկնածուների մասին տեղեկատվությունը։