Գուրիական ապստամբություն
1841 / From Wikipedia, the free encyclopedia
Գուրիական ապստամբություն (վրաց.՝ გურიის აჯანყება, ռուս.՝ Мятеж в Гурии), Վրացա-Իմերեթական նահանգի մաս կազմող Գուրիայի գյուղացիության ելույթը Ռուսաստանի ցարական կառավարության ընդունած նոր տուրքերի և հարկերի դեմ։
1841 թվականին Գուրիայում ռուսական իշխանությունները հարկահանության նոր դրամական համակարգ մտցրեցին։ Մայիսի 22-ին սկսված ապստամբությունը շուտով ընդգրկեց ամբողջ Գուրիան։
Գյուղացիները հրաժարվում էին վճարել պետական հարկերը։ Ապստամբները (ավելի քան 7 հազար մարդ) գրավեցին Գուրիայի ամրացված վայրերը։ Օգոստոսի 9-ին Գոգորեթի (այժմ՝ Մերիա) գյուղի մոտ նրանք ջարդեցին գնդապետ Ալեքսեյ Բրուսիլովի ջոկատը։ Գուրիայում, բացառությամբ Օզուրգեթից, կալվածատերերի և ցարական պաշտոնյաների իշխանությունը վերացվեց, երկրամասի կառավարումն անցավ ապստամբության «Գլխշտաբին»։
Չնայած այս հաջողություններին, սեպտեմբերի վերջին գուրիական ապստամբությունը ճնշվեց ռուսական կանոնավոր զորքերի և տեղական ազնվականական աշխարհազորայինների ուժերով։ Ապստամբությանը մասնակցել են նաև տեղի հայերը։
Ապստամբության գործողությունները տեղ են գտել Էգնատե Նինոշվիլու (1859–1894) «Ապստամբություն Գուրիայում» պատմավեպում[1], որն էլ 1928 թվականին էկրանավորվել է ռեժիսոր Ալեքսանդր Ծուծունավայի կողմից[2]։