Գործաբանություն
հաղորդակցական լեզվաբանության առանձին ճյուղ / From Wikipedia, the free encyclopedia
Գործաբանություն կամ լեզվագործաբանություն, առանձին և ինքնուրույն ճյուղ հաղորդակցական լեզվաբանության մեջ։ Այն ժամանակակից լեզվաբանության նոր ուղղություններից մեկն է, և, ինչպես նկատել է Սուսովը, գործաբանությունը ներկայացվում է որպես լեզվաբանության գործաբանական ուղղություն, կամ որպես գործաբանության լեզվաբանական կողմ։ Այն ուսումնասիրում է լեզվական անհատների միջև եղած հարաբերությունները և այդ հարաբերությունների օգտագործումը այն հաղորդակցա-գործաբանական տիրույթում, որտեղ հաղորդակցվում են խոսողը/գրողը և լսողը/կարդացողը, որոնց բնութագրելու համար անհրաժեշտ է իմանալ իրենց հաղորդակցման կոնկրետ վայրի և ժամանակի մասին, որոնք էլ կապված են հաղորդակցական ակտի նպատակից և սպասելիքներից[1]։
Հարկ է նշել, որ լեզվական հաղորդակցությունը բավականին բարդ ու բազմատարր մի ամբողջություն է, որտեղ զուտ լեզվական ոլորտի ուսումնասիրությունները համակցվում են արտալեզվական ուսումնասիրություններին անմիջական մասնակցություն ունենալով տեքստի կազմակերպման մեջ։ Իսկ տեքստը հանդես է գալիս որպես հասցեագրողի կողմից կոդավորված տեղեկատվություն, որը ենթարկվում Է հասցեատիրոջ ապակոդավորմանը։ Կապված տեքստի հաղորդակցական հայեցակերպի հետ՝ վերլուծության մեջ ի հայտ է գալիս նաև մեկ այլ լեզվաբանական գիտակարգ տեքստի գործաբանությունը։ Տեքստի գործաբանությունը բավականին ընդգրկուն հասկացություն է, սակայն միևնույն ժամանակ նույնքան էլ անմիանշանակ։ Այն իր շրջանակներում ներառում է այնպիսի բաղադրատարրեր, ինչպիսիք են՝
ա/ տեքստի գործաբանություն բուն իմաստով, այսինքն՝ ցանկացած տեքստի այն անհրաժեշտ յուրահատկությունը, որը մատնանշում Է հասցեագրողի վերաբերմունքը հաղորդակցման օբյեկտի, ինքնին հաղորդակցման ակտի և վերջինիս միջոցով հասցեատիրոջ հանդեպ,
բ/ հասցեագրող /հեղինակ/ և հասցեատեր,
գ/ տեքստի գործաբանական նպատակադրություն և
դ/ ծրագրավորվող գործաբանական ներգործություն։
Տեքստի գործաբանությունն իր ամբողջ էությամբ հանդերձ հիմնված Է ներգործման գործառույթի վրա, որն ապահովվում է տեքստի համապատասխան կառուցվածքային մասնատմամբ, ասույթային և վերասույթային մակարդակներում առկայական տրոհման բնույթով ու որոշ այլ միջոցներով և ամենից շատ այն գործաբանական բովանդակությամբ, որը կարգավորում է բովանդակության իմաստային կողմի ընկալման տեսանկյունը, ինչպես նաև տեղեկություն է կրում արդեն ոչ թե արտաքին աշխարհի/հաղորդակցման օբյեկտի, այլ հաղորդակցման ակտի մասնակիցների հասցեագրողի և հասցեատիրոջ մասին։ Այս ամենն է, որ մեկ ամբողջություն դարձած ապահովում է համապատասխան ազդեցությունը, հասցեատիրոջ կողմից տեքստի բովանդակության սւպակոդավորման շնորհիվ բացահայտում գործարանական այն նպատակադրությունը, որն ընկած է տեքստի հիմքում[2]։
Գործաբանությունը/պրագմատիկան բնութագրում է նշանի և դա օգտագործողի՝ ադրեսատի հարաբերությունը։ Նշանի պրագմատիկ նշանակութունը կախված է նրանից, թե ադրեսատն ինչպես կմեկնաբանի նշանը։ Ի տարբերություն Պիրսի նշանագիտությանը, Սոսյուրի նշանաբանական համակարգում պրագմատիկան բացակայում է։ Պիրսն առաջինն էր, ով հանձինս մեկնաբանողի՝ նշանագիտական տեսության մեջ ներմուծեց մարդկային գործոնը։ Ցանկացած նշան միշտ հասցեագրված է ինչ-որ մեկին և նրա պրագմատիկ նշանակությունը ամենից առաջ բխում է ադրեսատի նախատրամադրվածությունից, արձագանքից։ Սակայն նշանի ամեն մեկնաբանություն ներկայանում է տեքստի ձևով։ Իսկ ի՞նչ փոխհարաբերություն կա նշանի և տեքստի միջև[3]։
Անհասկանալի նշանի բացատրության համար միշտ բավականին ընդարձակ տեքստ է անհրաժեշտ, որովհետև երբ մենք սկսում ենք բացատրել նշանը, այդ բացատրությունն արդեն տեքստի ձև է ստանում։ Ըստ Բարտի, տեքստը «աշխատում է» նշանակիչի ոլորտում, քանի որ ներկայացնում է այն, ինչ արտահայտում է նշանը։ Դա նշանակում է, որ նշանի ու տեքստի միջև անջրպետ գոյություն չունի և հնարավոր չէ որոշել, թե որտեղ է ավարտվում նշանն ու սկսվում տեքստը։ Յուրաքանչյուր նշան, այդ թվում նաև լեզվական նշանը, նրա նշանակության մեջ թաքնված ամփոփ տեքստ է, ճիշտ այնպես, ինչպես տրամաբանության մեջ հասկացությունն է համարվում դատողության ամփոփ ձևը[3]։
Սակայն տեքստի գլոբալ իմաստը նրա նշանային տարրերի առարկայական բովանդակությունից չի գոյանում։ Տեքստն ունի այն առանձնահատկությունը, որ նրա ամբողջական նշանակիչը չի կարելի փոխարինել այլ նշանակիչով, այսինքն՝ տեքստը վերարտադրել այլ բառերով, որովհետև դա արդեն կլինի ուրիշ տեքստ։ Սա նշանակում է, որ տեքստի նշանակիչը և նշանակյալը կարծես թե միավորվում են միմյանց հետ։ Ժամանակակից նշանաբանության պատկերացումների համաձայն` բառի, անունի համար բնորոշ է դենոտացիան, իսկ տեքստի պրոբլեմը կոննոտացիայի պրոբլեմ է։ Ռ.Բարտի համար տեքստը հռետորական կատեգորիա է։ Ինչպես նկատում է Արիստոտելը, այստեղ մենք մտահոգված ենք ոչ այնքան նրանով, թե ինչ ասենք, որքան նրանից, թե ինչպես ասենք և դա կախված է նրանից, թե ում ենք ասում[3]։
Հռետորական վերլուծությունը տալիս է ցանկացած տեքստի հասկացման մեխանիզմը, քանի որ յուրաքանչյուր տեքստի կառուցում ենթադրում է երկխոսություն, որի նպատակն է ադրեսատին դարձնել հեղինակի համախոհը։ Հռետորական վերլուծությունը պահանջում է վերհանել.
ա/ տեքստի ընդհանուր նպատակը. հեղինակն ուզում էր տեղեկությու՞ն տալ ադրեսատին, համոզե՞լ նրան, զվարճացնե՞լ, ստիպել մտորելու՞…,
բ/ տեքստի կոնկրետ նպատակը, որը ընդհանուր նպատակն է՝ գումարած հիմնական թեզիսը, որը կարող է լինել թեման, այսինքն`այն, ինչին այն նվիրված է,
գ/ ո՞ւմ համար կամ ի՞նչ լսարանի համար է նախատեսված տեքստը[3]։
Կարևոր է նաև ձայնի ինտոնացիան, քանի որ «Ի՞նչ լեզվով ձեզ հետ խոսեմ» հարցը ոչ միշտ է նույնական այն հարցի հետ, թե՝ «Ի՞նչ լեզվով ձեզ դիմեմ»։ Ըստ Ա.Ֆ.Լոսեվի, լեզվի ինտոնացիան վկայում է նրա անվերջ իմաստային արժեքայնության մասին, քանի որ միևնույն նախադասությունը կարելի է այնքան տարբեր ինտոնացիաներով արտաբերել, որ դա ըստ իմաստի հաստատականից փոխվի նույնիսկ լրիվ հակառակին[3]։
Միխայիլ Բախտինի կարծիքով ցանկացած տեքստ կարող է դիտվել որպես երկխոսություն։ Նույնիսկ այն դեպքում, երբ գործ ունենք մենախոսության հետ, ապա դա կարելի է դիտել որպես երկխոսություն` միայն թե ինքն իր հետ։ Դրանով իսկ տեքստը դառնում է հաղորդակցության միջոց, իսկ հաղորդակցությունը դիտվում է որպես նշաններով միջնորդավորված միջսուբյեկտային փոխազդեցություն, որն արտահայտվում է ադրեսանտ-տեքստ-ադրեսատ սխեմայով։ Ադրեսանտը տեքստի, հաղորդագրության հեղինակ-ուղարկողն է, իսկ ադրեսատը`նա, ում այն ուղղված է։ Սովորական հաղորդակցության ընթացքում տեքստը ստեղծելու համար ադրեսանտն օգտվում է լեզվից, որն արդեն գոյություն ուներ իրենից առաջ, իսկ գեղարվեստական հաղորդակցության ընթացքում նա կրկնակի դերակատարում ունի, քանի որ պետք է ոչ միայն տեքստը ստեղծի, այլև դրա գեղարվեստական լեզուն։ Ադրեսատի և ադրեսանտի դիրքորոշումների ձևավորման վրա մեծ ազդեցություն են թողնում կոդերը[3]։