Գնչուների ցեղասպանություն
From Wikipedia, the free encyclopedia
Գնչուների ցեղասպանություն (գնչուների Հոլոքոստ, Պորայմոս – «կոտորած», «ավեր», Սամուդարիպեն – «զանգվածային սպանություն»), նացիստների կողմից կազմակերպված ցեղասպանություն, որ իրականացվել է 1935-1945 թվականներին Գերմանիայում, Երրորդ ռայխի դաշնակից երկրներում և օկուպացված տարածքներում։ Գնչուների ոչնչացումը եղել է նացիոնալ-սոցիալիստների ընդհանուր ծրագրի մաս, որի նպատակն էր գնչուներից բացի ոչնչացնել նաև քաղաքական հակառակորդներին, միասեռական տղամարդկանց, անբուժելի ու հոգեկան հիվանդներին, թմրամոլներին ու հրեաներին։ Ըստ վերջին ուսումնասիրությունների՝ գնչուների ցեղասպանության զոհ է դարձել 200 000-500 000 մարդ[1]։ Տուժածների թիվն ավելի մեծ է։
1982 թվականին Արևմտյան Գերմանիան պաշտոնապես ընդունել է, որ կատարվել է գնչուների ցեղասպանություն[2][3]։ 2012 թվականի հոկտեմբերի 24-ին Բեռլինում բացվել է նացիստական Գերմանիայում ցեղասպանության զոհ դարձած գնչուների հիշատակին նվիրված հուշարձան[4]։