Գնդակով հոկեյ
From Wikipedia, the free encyclopedia
Գնդակով հոկեյ (օգտագործվում են նաև բենդի[1][2], անգլ.՝ bandy, և ռուսական հոկեյ անվանումները), ձմեռային մարզական թիմային խաղ, որն անցկացվում է սառցե դաշտում երկու թիմերի մասնակցությամբ (խաղադաշտում 10 խաղացող և դարպասապահ յուրաքանչյուր թիմում)։ Սառույցի վրա տեղաշարժվելու համար բոլոր խաղացողներն օգտագործում են չմուշկներ։ Խաղադաշտի խաղացողները, օգտագործելով մականներ, ձգտում են դրանցով գնդակը խփել մյուս թիմի դարպասը։ Դարպասը պահպանում են մականներ չօգտագործող դարպասապահները։ Խաղի տևողությունը 2 խաղակես է՝ յուրաքանչյուրը 45 րոպե տևողությամբ, անբարենպաստ պայմանների դեպքում, դատավորի որոշմամբ, 3 խաղակես՝ յուրաքանչյուրը 30 րոպե տևողությամբ (եթե մրցամարտն անց է կացվում բաց երկնքի տակ)։ Հաղթող է դառնում այն թիմը, որը խաղի ընթացքում կարողացել է ավելի շատ գնդակ գցել (գոլ խփել) մրցակցի դարպասը։
Գնդակով հոկեյ | |
---|---|
Տեսակ | հոկեյ, չմշկասահք, գնդակով խաղ և ֆուտբոլ |
Ծագման երկիր | Անգլիա |
Տարբերվում է | Մականախաղ, տափօղակով հոկեյ, ball hockey? և ice polo? |
Bandy Վիքիպահեստում |
«Գնդակով հոկեյ» տերմինը համարվում է պաշտոնական Ռուսաստանում։ Միջազգային պրակտիկայում ընդունված է «բենդի» անվանումը։ Սկզբում գնդակով հոկեյը Ռուսաստանում կոչվում էր «ռուսական հոկեյ»։ Այն երկրներում, որտեղ գնդակով հոկեյի խաղերը կրում են կազմակերպված և կանոնավոր բնույթ, ձևավորվում են համապատասխան ֆեդերացիաներ կամ ասոցիացիաներ, որոնք մտնում են Գնդակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի մեջ (Federation of International Bandy):
Գնդակով հոկեյը պաշտոնապես ընդունված է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից որպես ձմեռային սպորտաձև[3], չնայած մինչև այժմ Ձմեռային օլիմպիական խաղերի պաշտոնական ծրագրի մեջ դեռ չի մտնում։ Որպես ցուցադրական կանոնակարգ՝ գնդակով հոկեյը ներկայացվել էր 1952 թվականի Օսլոյի 6-րդ Ձմեռային օլիմպիական խաղերում։ 2011 թվականի Ասիական ձմեռային խաղերում գնդակով հոկեյն ընդգրկվել էր պաշտոնական ծրագրում։ 2012 թվականի դեկտեմբերին Ալմա-Աթայում առաջին անգամ տեղի ունեցավ Ասիայի առաջնությունը։ Գնդակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի և Բենդիի միջազգային ֆեդերացիայի նախագահ Բորիս Սկրիննիկը 2011 թվականին հայտարարեց, որ գնդակով հոկեյը հնարավոր է ընդգրկվի 2018 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում[4], այնուամենայնիվ Միջազգային օլիմպիական կոմիտեի 2015 թվականի գործադիր կոմիտեի նիստի արդյունքներով դա տեղի չունեցավ։