Գիտական կրեացիոնիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Գիտական կրեացիոնիզմ (անգլ.՝ creation science), արարման մասին գիտություն, կամ գիտական արարչագործություն (անգլ.՝ scientific creationism), կրեացիոնիզմի տարատեսակ կամ հոսանք, ըստ որի գիտականորեն հիմնավորվում են Հին Կտակարանի Ծննդոց գրքում և աստվածաշնչյան պատմության մի շարք այլ դրվագներում (մասնավորապես՝ Ջրհեղեղը) նկարագրված աստվածաշնչյան արարչագործության բառացի մեկնաբանությունները։ Միևնույն ժամանակ, այս հոսանքի կողմնակիցները մերժում են Երկրի պատմության, տիեզերագիտության և կենսաբանական էվոլյուցիայի վերաբերյալ գիտական տեսությունները և պարադիգմները[Ն 1][2][3][4]։
Քրիստոնյա ֆունդամենտալիստների (առաջին հերթին՝ բողոքականների) գիտական կրեացիոնիզմն ամենաակտիվ շարժումներից է, որն առաջացել և ակտիվորեն զարգանում է ԱՄՆ-ում և որոշակի տարածում է ստանում նաև այլ երկրներում։ Այն ձգտում է ապացուցել աստվածաշնչյան բացարձակ անսխալությունը բնական գիտությունների հարցերում և հերքել էվոլյուցիայի գիտական ապացույցները[5]։ Նման հետազոտության փաստացի վավերականությունը գրեթե միաձայն մերժվում է գիտական հանրության կողմից, որը «գիտական կրեացիոնիզմը» համարում է որպես գաղափարականորեն մոտիվացված կեղծ գիտություն[Ն 2][6][7][8][9][10][11]։