Գեորգի Գոնգաձեի սպանություն
From Wikipedia, the free encyclopedia
Վրացական ծագմամբ ուկրաինացի լրագրող Գեորգի Գոնգաձեի սպանությունը տեղի է ունեցել 2000 թվականի սեպտեմբերի 17-ին։ Նրա գլխատված մարմինը հայտնաբերվել է 2000 թվականի նոյեմբերի 2-ին Կիևից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Տարաշչանսկի անտառում[1]։
Հետազոտողների մեծ մասը կարծում է, որ Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Կուչման հրամայել է այն ժամանակվա ներքին գործերի նախարար Կրավչենկոյին առևանգել և բռնի ուժով Գոնգաձեին Ուկրաինայից արտաքսել Չեչնիա, սակայն դեռևս պարզ չէ, թե ով և ինչու է պատվիրել Գոնգաձեի սպանությունը[2]։
2000 թվականի նոյեմբերի 28-ին Ուկրաինայի Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Օլեքսանդր Մորոզը խորհրդարանական նիստի ժամանակ հայտարարել է, որ ունի ձայնագրություններ, որոնք ցույց են տալիս Ուկրաինայի բարձրագույն ղեկավարության մասնակցությունը Գոնգաձեի սպանությանը։ Ձայնագրությունները, իբր, արել է նախագահ Լեոնիդ Կուչմայի անվտանգության ծառայության աշխատակից մայոր Նիկոլայ Մելնիչենկոն։ Լեոնիդ Կուչման կտրականապես հերքել է իրեն ուղղված մեղադրանքները[1]։
2005 թվականի մարտի սկզբին նորընտիր նախագահ Վիկտոր Յուշչենկոն հայտարարել է Գոնգաձեի գործի բացահայտման մասին։ Նույն թվականի հունիսին գլխավոր դատախազ Սվյատոսլավ Պիսկունը հայտարարել է, որ լրագրողի սպանության մեջ մեղադրվող ոստիկանության բարձրաստիճան սպաներն իրենց մեղավոր են ճանաչել։ 2005 թվականի դեկտեմբերի 19-ին սկսվել է մեղադրյալների՝ Վալերի Կոստենկոյի, Նիկոլայ Պրոտասովի և Ալեքսանդր Պոպովիչի դատավարությունը։ Հետաքննությունը սպանության գլխավոր կատարող է համարել ՆԳՆ գեներալ Ալեքսեյ Պուկաչին, որն այդ ժամանակ հետախուզման մեջ էր։ Գոնգաձեի սպանության պատվիրատուները չեն բացահայտվել[3][4][5][6]։
Քննիչ Յուրի Ստոլյարչուկը, որը եղել է այս սպանությունը հետաքննող քննչական խմբի մեջ, հավաքել է Գոնգաձեի սպանությանը Պուկաչի մասնակցության ապացույցներն ու մասնակցել նրա ձերբակալությանը[7]։ Պուկաչին առաջին անգամ բերման են ենթարկել Ստոլյարչուկի աշխատասենյակից։ Դա տեղի է ունեցել 2003 թվականի հոկտեմբերին։ Այնուհետև Պուկաչին մեղադրել են Գոնգաձեին հսկող արտաքին հսկողական ծառայության փաստաթղթերը ոչնչացնելու մեջ։
2008 թվականի մարտին Կիևի վերաքննիչ դատարանը դատապարտել է լրագրողի սպանության մեջ մեղադրվող երեք մեղադրյալներին (գործում ներգրավված մեղադրյալներից ոչ մեկն ամբողջությամբ չընդունեց իր մեղքը)։ Կոստենկոն և Պոպովիչը դատապարտվել են 12 տարվա ազատազրկում, իսկ Պրոտասովը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման։ Պուկաչը, որը ըստ քննիչների, ղեկավարել է երեք ոստիկանների գործողությունները, ձերբակալվել է 2009 թվականի հուլիսին Ժիտոմիրի շրջանում[8]։
2013 թվականի հունվարի 29-ին Ալեքսեյ Պուկաչը դատապարտվել է ցմահ ազատազրկման[9]։ Դատավճռում նշվել է, որ Պուկաչը Գոնգաձեին սպանելու հրաման է ստացել անձամբ այն ժամանակվա ներքին գործերի նախարար Յուրի Կրավչենկոյից, որը, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան է եղել 2005 թվականին։ Դատավճռի հրապարակումից հետո Պուկաչն ասել է, որ կհամաձայնի դրա հետ միայն այն դեպքում, եթե Լեոնիդ Կուչման և Վլադիմիր Լիտվինը գտնվեն նրա հետ նույն ճաղավանդակում[10]։ Գոնգաձեի ընտանիքը համոզված է, որ սպանության պատվիրատուներն անպատիժ են մնացել[11][12]։
Մելնիչենկոն, որը իբր ձայնագրել էր Կուչմայի խոսակցությունները, աշխատել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունների ղեկավարության համար, իսկ ավելի ուշ՝ համագործակցել նրանց ռուս գործընկերների հետ։ «Կուչմագեյթի» արդյունքում թուլացել է Կուչմայի քաղաքական ազդեցությունը, վատթարացել նրա հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ինչից օգտվել է ՌԴ նախագահ Պուտինը։ Կուչման համաձայնեց Ուկրաինայի մասնակցությանը նախկին ԽՍՀՄ երկրների տնտեսական վերաինտեգրմանը[2]։
Գոնգաձեն 2005 թվականին հետմահու արժանացել է Ուկրաինայի հերոսի կոչման։