Գարուդա
Վիշնուի հեծնելու կենդանի, արծիվ-մարդ աստվածություն հինդուիզմում, բուդդիզմում և ջայնիզմում / From Wikipedia, the free encyclopedia
Գարուդա (սանսկրիտ՝ गरुड, Garuḍa IAST, տիբ.՝ Khyung, Mkha` lding), թռչունների առասպելական արքա հինդուական, բուդդայական և ջայնական հավատքների ավանդույթներում՝ կիսամարդ և կիսաթռչուն[1][2][3]։ Հինդուիզմում Վիշնու աստծո հեծնվող թռչունն է (վահանա)։ Վաջրայանա բուդդիզմում Գարուդան յիդամ է՝ լուսավոր մտքի խորհրդանիշներից մեկը։ Գարուդայի ծագման պատմությունը և նրա մասին առասպելները շարադրված են Մահաբհարաթայում, Սկանդա և Բհագավատամ պուրաններում։ Գարուդային նվիրված են մի շարք տեքստեր, մասնավորապես՝ Գարուդա Ուպանիշադը և Գարուդա պուրանան։ Աստվածների և դևերի կողմից օվկիանոսը խառնելու առասպելում (Samudra Manthana) Գարուդան գող է, որը աստվածային ըմպելիք՝ ամրիտա է գողանում նագաներից՝ խթոնյան օձ-դևերից, իր թշնամիներից[4]:
Գարուդա | |
---|---|
Տեսակ | առասպելական թռչուն, հինդու աստվածություններ և Ռամայանայի կերպար |
Դիցաբանություն | Վայշնավիզմ և հինդուիզմ |
Սեռ | արական |
Երևի համընկնում է | Սիմուրգ |
Հայր | Կաշյապա |
Մայր | Վինատա |
Քույր/Եղբայր | Արունա |
Ամուսին | Ունաթի (առաջընթաց) կամ Վինայակա (գիտելիքի թագուհի) |
Զավակներ | Սումմուկհա (գեղեցիկ դեմք) Սունամա (գեղեցիկ անուն) Սունետրա (գեղեցիկ աչքեր) Սուվարկաս (գեղեցիկ էներգիա) Սուրուկ (գեղեցիկ փայլ) Սուբալա (գեղեցիկ ուժ) |
Garuda Վիքիպահեստում |
Գարուդան Հնդկաստանի, Ինդոնեզիայի և Թաիլանդի պետական պատվանշանների մասն է կազմում։ Ինդոնեզիայի պաշտոնական զինանշանը կենտրոնացած է Գարուդայի վրա։ Ինդոնեզիայի ազգային զինանշանը կոչվում է Գարուդա Պանկասիլա[5]։ Հնդկական բանակը նաև օգտագործում է Գարուդան իրենց Գվարդիական բրիգադի զինանշանի վրա և իր հատուկ գործողությունների ստորաբաժանումն անվանել է նրա անունով որպես Գարուդ Կոմանդոյի ուժ (Garud Commando Force)[6]: Այն հաճախ ասոցացվում է Մեծ ադյուտանտ արագիլի (Leptoptilos dubius) հետ[7][8]։
Հինդուիզմում Գարուդան այն երեք փոքր աստվածություններից մեկն է, որի պաշտամունքը ձևավորվել է արդեն հետվեդական շրջանում։ Երկու այլ նմանատիպ կերպարներ են Գանեշա և Հանուման աստվածությունները։ Սրբապատկերագրական ավանդույթում Գարուդան պատկերված է որպես մարդու մարմնով արծիվ[4]։
Գարուդայի այլ անուններից են՝ Գարութման (Garutmān), Գագանեշվարա (Gaganeśvara), Կամայուշա (Kamayuṣa), Քաշյապի (Kaṣyapī), Խագեշվարա (Khageśvara), Նագանտակա (Nagāntaka), Սիթանան (Sitānana), Սուդհահարա (Sudhahara), Սուպարնա (Suparṇa), Թարկշյա (Tarkṣya), Քաշյապի (Kaṣyapī), Վայնատեյա (Vainateya), Վիշնուրատհա (Viṣṇuratha)[9]: