Բյուրեղապակյա գիշեր
From Wikipedia, the free encyclopedia
Բյուրեղապակյա գիշեր (գերմ.՝ Kristallnacht կամ՝ Reichskristallnacht), Երրորդ Ռայխի ժամանակ հրեաների դեմ իրագործված ջարդեր, որոնք տեղի ունեցան 1938 թվականի նոյեմբերի 9-ից 10-ը և նացիստների կողմից ներկայացվեցին որպես հանրության ինքնաբուխ արձագանք՝ 2 օր առաջ Փարիզում Գերմանիայի դեսպանության առաջին քարտուղար Էրնսթ ֆոմ Ռաթի սպանության համար։ Վերջինիս սպանության հեղինակն էր ծագումով հրեա երիտասարդ գերմանացի Հերշել Գրինշփանը։ Իրականում ջարդերի կազմակերպումը հանձնարարել էր Ռայխկանցլեր Ադոլֆ Հիտլերը, կազմակերպիչն էր Յոզեֆ Գեբելսը, կատարողները՝ Գրոհման բաժնի (գերմ.՝ Sturmabteilung) ու «Հիտլերյան երիտասարդների» անդամները, որոնց օժանդակեցին Անվտանգության ծառայության (գերմ.՝ Sicherheitsdienst ), Գեստապոյի ու ոստիկանական այլ ուժեր։ Ռայխի ողջ տարածքում ոչնչացվեց ավելի քան 200 սինագոգ ու պաշտամունքային վայր, թալանվեց հրեաներին պատկանող 7500 առևտրային կրպակ ու ձեռնարկություն, գրեթե հարյուր հրեա սպանվեց, հարյուրավորներն ինքնասպանություն գործեցին կամ մեռան ստացված վնասվածքներից, իսկ գրեթե 30.000 հոգի աքսորվեց համակենտրոնացման ճամբար։ Ընդհանուր առմամբ, ջարդերի ու աքսորի հետևանքով 2000-5000 հոգի հրեա զոհվեց։ Սա 1933 թվականից հետո, երբ նացիստները եկան իշխանության, հակասեմականության արտահայտման ամենաբարձր ալիքն էր։ Բյուրեղապակյա գիշերը Շոայի առաջին քայլն էր։ Հակասեմական բռնության առաջին մեծ ցույցը կազմակերպելով՝ նացիստները ցանկացան արագացնել հրեաների արտագաղթը, և դա նրանց հաջողվեց։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |