Բերան
From Wikipedia, the free encyclopedia
Բերան (հայտնի է որպես բերանի խոռոչ, լատին․՝ cavum oris[1]), կենդանինեի անատոմիայում անցք է, որի միջոցով կենդանիները սնունդ են ընդունում և արձակում են վոկալ ձայներ։ Անցքին հաջորդում է բերանի խոռոչը, որը գտնվում է աղեստամոքսային տրակտի վերին ծայրում, որը դրսից սահմանափակվում է շրթունքներով, իսկ ներսից՝ ըմպանով և բարձրակարգ կենդանիների մոտ պարունակում է լեզու և ատամներ[2]։ Այդ խոռոչը հայտնի է նաև որպես այտային խոռոչ (լատիներեն bucca «այտ» բառից)[3]։ Արտաքինից բերանը կարող է ունենալ տարբեր ձևեր։ Մարդու մոտ այն շրջափակված է շրթունքներով, թռչունների մոտ ունի կտուցի ձև։ Բերանը մասնակցում է ոչ միայն մարսողության, այլև շնչառության գործընթացին։ Բերանի շարժումներն իրականացվում են մկանների միջոցով, ինչը թույլ է տալիս իրականացնել բերանի խոռոչի բոլոր կարևոր գործառույթները։
Կենդանիների որոշ տիպեր, այդ թվում նաև ողնաշարավորները, ունեն լիարժեք մարսողական համակարգ, որը սկսվում է բերանով և ավարտվում հետանցքով։ Օրգանիզմի սաղմնային փուլում բերանի հայտնվելը չափանիշ է, որն օգտագործվում է կենդանիներին առաջնաբերանայինների ու երկրորդաբերանայինների դասակարգման համար։