Առաջին համաշխարհային պատերազմի օսմանյան ռազմական հանցագործների ցանկ
From Wikipedia, the free encyclopedia
Առաջին համաշխարհային պատերազմի օսմանյան ռազմական հանցագործների ցանկը 1914-1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակած Անտանտի տերությունների, մասնավորապես Մեծ Բրիտանիայի կողմից Մալթա կղզի աքսորված օսմանյան ռազմական այն հանցագործների ցուցակն է, որոնք Օսմանյան ռազմական դատարանի վճռով մեղադրվել էին հայոց ցեղասպանությունն իրականացնելու, պատերազմական հանցագործություններ կատարելու, այդ ամենով հանդերձ՝ փաստորեն՝ մարդկության հանդեպ ոճիրներ գործելու համար։ Մալթայի աքսորականների թվում էին ընդամենը 145 օսմանյան ռազմական ոճրագործներ (ոչ բոլորն էին ձերբակալվել, դատարանի առջև կանգնել և աքսորվել)։ Անշուշտ, այդ ցանկը պետք է գլխավորեին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության գլուխ կանգնած և Հայոց ցեղասպանությունը ծրագրած, կազմակերպած ու իրականացրած երիտթուրքական եռապետները՝ ներքին գործոց նախարար, իսկ ապա՝ վարչապետ Թալեաթ փաշան, ռազմական նախարար Էնվեր փաշան, ռազմածովային նախարար, ապա Սիրիայում գործող IV օսմանյան բանակի հրամանատար Ջեմալ փաշան։ Սակայն նրանց, հաջողվեց խույս տալ Անտանտի տերությունների ձեռքն ընկնելուց և իրենց սեփական պետության՝ Օսմանյան կայսրության ռազմական տրիբունալի առջև կանգնելուց։ Այդ պատճառով նրանց վերաբերյալ Օսմանյան ռազմական տրիբունալի կողմից հեռակա կարգով ընդունված մահվան դատավճիռների իրականացումն իր վրա վերցրեց Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը, որն իրականացրեց Նեմեսիս գործողությունը։ Անշուշտ, հանցագործների ցուցակը կարող էր և պետք է խիստ ընդլայնվեր[1], ներառելով Օսմանյան կայսրության գրեթե առանց բացառության բոլոր ռազմական և պետական պաշտոնյաներին, քաղաքական գործիչներին, որոնց ձեռքերի վրա դեռ չէր չորացել միլիոնավոր անմեղ հայ զոհերի արյունը: Ստորև բերված է գլխավոր օսմանյան ռազմական հանցագործների ցանկը՝ ընդամենը՝ 156 անձ։ Այդ թվում՝
- Հեռակա կարգով դատապարտված օսմանյան ռազմական հանցագործների ցանկը՝ 11 անձ,
- Մալթա աքսորված օսմանյան 145 պատերազմական հանցագործների ցանկը,
- Դատարանի դահլիճում գտնված մեղադրյալների ցանկը՝ 20 անձ։
Բոլոր երեք ենթացանկերում տրված են ռազմական հանցագործների որոշ կենսագրական տվյալներն ու կատարած ոճիրների համառոտ նկարագրությունը, հնարավորության դեպքում ներկայացնելով նաև այդ ոճրագործների լուսանկարները, հիմնականում օգտվելով Թուրքիայի ազգային մեծ ժողովի վերաբերյալ հրապարակված պատկերագրքից[2], և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքից, ինչպես նաև այլ հնարավոր աղբյուրներից։ Օսմանյան կայսրություն կառավարած և հայերի մեծ եղեռնը կազմակերպած գրեթե բոլոր այս անձինք հետագայում դարձան նորաստեղծ Թուրքիայի հանրապետության խորհրդարանի պատգամավորներ, բանակի գեներալներ, նահանգապետներ, կառավարության նախարարներ, նույնիսկ՝ վարչապետեր ու ազգային ժողովի նախագահներ, դրանով իսկ ևս մեկ անգամ ապացուցելով, որ ներկայիս Թուրքիան Օսմանյան կայսրության լիակատար իրավահաջորդն է և լիակատար ու համապարփակ պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության՝ մարդկության հանդեպ կատարված այդ սոսկալի հանցագործության համար[3]։