Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքներ
From Wikipedia, the free encyclopedia
Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքներ, համաշխարհային պատմության մեջ աննախադեպ պատերազմի՝ 1914 թվականից մինչև 1918 թվականը տևած Առաջին համաշխարհային պատերազմի (ԱՀՊ) հետևանքները։
Այդ պատերազմը վճռական նշանակություն ունեցավ ХХ դարի պատմության համար։ Առաջին համաշխարհային պատերազմը սահմանեց այն աշխարհակարգի վերջը, որը ձևավորվել էր Նապոլեոնյան պատերազմներից հետո։ Համաշխարհային զինաբախումը կարևոր գործոն էր նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ծագման համար։
Առաջին աշխարհամարտն ամեն ինչից զատ, պատմության մեջ մտավ խաղաղ բնակչության առաջին զանգվածային սպանություններով, որոնք հետագայում ստացան «ցեղասպանություն» սահմանումը։
Այդ առումով, Առաջին համաշխարհային պատերազմը հսկայական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի պատմության համար, որն ունեցավ սարսափելի աղետներ, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանությունը, որի արդյունքում հայ ազգի մեծ մասը ենթարկվեց եղեռնի, բռնի տեղահանության, բռնի կրոնափոխության ու բռնի ուրացման, իսկ պատմական Հայաստանի՝ Հայքի մեծագույն մասը անցավ օտարերկրյա տիրապետության ներքո, այդ թվում՝ Մեծ Հայքի մեծ մասը, Փոքր Հայքը, Կիլիկիա-Սիսվանը, Հայոց Միջագետքն ու Գամիրքը՝ ամբողջությամբ։