Առաջային խաչաձև կապանի վնասվածք
From Wikipedia, the free encyclopedia
Առաջային խաչաձև կապանի վնասվածքներ են կոչվում առաջային խաչաձև կապանի (ԱԽԿ) գերձգվածությունը, մասնակի պատռվածքը կամ ամբողջական պատռվածքը[2]։ Առավել հաճախ դիտվում է ամբողջական պատռվածքը[2]։ Ախտանիշներից են՝ ցավը, վնասվածքի ժամանակ ճայթյունանման ձայնը, ծնկան անկայունությունը և հոդի շրջանում այտուցը[2]։ Սովորաբար այտուցն առաջանում է վնասվածքին հաջորդող մեկ-երկու ժամվա ընթացքում[3]։ Մոտ 50% դեպքերում վնասվում են նաև ծնկան հոդի մեջ մտնող այլ կառուցվածքներ, օրինակ՝ հարակից կապանները, աճառները կամ մահիկները[2]։Այս վնասվածքի առաջացման մեխանիզմում սովորաբար դեր է խաղում շարժման ուղղության կտրուկ փոփոխությունը, հանկարծակի կանգ առնելը, ցատկելուց հետո անզգույշ վայրէջք կատարելը, կամ ծնկան հոդի վրա ուղղակի ազդեցությունը[2]։ Այս վնասվածքն առավել հաճախ հանդիպում է մարզիկների մոտ, մասնավորապես՝ լեռնադահուկային սպորտով, ֆուտբոլով, ամերիկյան ֆուտբոլով և բասկետբոլով զբաղվողների մոտ[2][4]։ Որպես օրենք՝ ախտորոշումը կատարվում է ֆիզիկալ զննմամբ, և երբեմն ճշգրտվում մագնիսառեզոնանսային շերտագրության (ՄՌՇ) միջոցով[2]։ Ֆիզիկալ զննման ժամանակ հաճախ դիտվում է ծնկան հոդի շրջանում զգայունություն, շարժումների ծավալի նվազում և հոդի շրջանում կապանային համակարգի թուլության նշաններ[5]։
Առաջային խաչաձև կապանի վնասվածք | |
---|---|
Աջ ծունկ՝ պատկերված առաջակողմնային անկյունից | |
Տեսակ | ligament injury? |
Բուժաքննություն | Լաչմանի թեստ |
Բժշկական մասնագիտություն | Օրթոպեդիա[1] |
Anterior cruciate ligament injuries Վիքիպահեստում |
Կանխարգելումը կատարվում է նյարդամկանային մարզման և ամրապնդող վարժությունների միջոցով[6][7]։ Բուժման մոտեցումները կախված են հիվանդի հետագա ակտիվության ցանկալի մակարդակից[2]։ Այն մարդկանց դեպքում, ովքեր հետագայում չեն պլանավորում ֆիզիկապես ակտիվ ապրելակերպ վարել, ոչ վիրահատական մեթոդները (օրթեզների կիրառում, ֆիզիոթերապիա) կարող են բավարար լինել[2]։ Ֆիզիկապես ակտիվ ապրելակերպ վարել ցանկացող անձանց դեպքում հաճախ խորհուրդ է տրվում կատարել առաջային խաչաձև կապանի արթրոսկոպիկ վերականգնում[2]։ Այս դեպքում վնասված կապանը կարող է փոխարինվել հիվանդի մարմնի այլ հատվածից վերցված (կամ դիակից վերցված) ջլով[5]։ Վիրահատությունից հետո իրականացվող վերականգնողական թերապիայի ընթացքում դանդաղորեն մեծացվում են հոդում շարժումների ծավալները, ինչպես նաև ամրապնդում են ծնկան հոդի շրջանի մկանները[2]։ Եթե ցուցված է լինում վիրահատություն, ապա այն սովորաբար կատարվում է միայն վնասվածքից առաջացած բորբոքման գործընթացը վերացնելուց հետո[2]։ԱՄՆ-ում տարեկան գրանցվում է այսպիսի վնասվածքների մոտ 200,000 դեպք[3]։ Սպորտի որոշ տեսակների դեպքում կանայք ունեն առաջային խաչաձև կապանի վնասվածքի ավելի բարձր ռիսկ, մինչդեռ այլ տեսակների դեպքում ռիսկը միանման է երկու սեռերի մոտ[4][8]։ Ամբողջական պատռվածքի դեպքում շատ մարդիկ վիրահատական բուժում չստանալու դեպքում այլևս չեն կարողանում զբաղվել սպորտով, և նրանց մոտ հետագայում կարող է առաջանալ օստեոարթրիտ[3]։