Աուտիզմ
զարգացման խանգարում / From Wikipedia, the free encyclopedia
Աուտիզմ, զարգացման խանգարում, որը բնորոշվում է շփման ու հաղորդակցման խախտումներով և կրկնվող ու սահմանափակ վարքագծով[24]։ Երեխայի մեկից երկու տարեկան հասակում ծնողները հաճախ չեն նկատում դրանք[24][25]։ Այս նշաններն ի հայտ են գալիս աստիճանաբար, քանի որ հաճախ աուտիզմ ունեցող երեխաներն օրինաչափ են զարգանում, սակայն որոշակի պահից զարգացման հետընթաց է տեղի ունենում[26][27]։
Աուտիզմի պատճառը գենետիկական և էկոլոգիական գործոնների համադրությունն է[27]։ Ռիսկի գործոնների շարքում են հղիության ընթացքում վարակները, օրինակ՝ կարմրախտը, ինչպես նաև հղիության ընթացքում որոշ նյութերի, օրինակ՝ ալկոհոլի կամ կոկաինի օգտագործումը[28]։ Հիվանդության առաջացման վիճելի պատճառների շարքում են էկոլոգիական գործոնները, օրինակ՝ պատվաստումների վարկածը, որը հերքվեց[29]։
Աուտիզմը բացասաբար է ազդում գլխուղեղում տեղեկատվության վերամշակման վրա՝ փոխելով նյարդային բջիջների և նրանց սինապսների կազմավորվածությունը, սակայն թե ինչպես է դա կատարվում դեռ անհասկանալի է[30]։ «Հոգեկան հիվանդությունների ախտորոշման և վիճակագրման ձեռնարկ»-ի 5-րդ հրատարակության (DSM-5) համաձայն աուտիզմը և դրա հետ կապված նվազ բարդ վիճակները՝ ներառյալ Ասպերգերի համախտանիշը և Զարգացման պերվազիվ խանգարումը (չճշտված) (PDD-NOS) միախմբվել են ընդհանուր Աուտիկ սպեկտրի խանգարում (ԱՍԽ) ախտորոշման ներքո[24][31]։
Վաղ շրջանում խոսքային կամ վարքային միջամտությունները կարող են օգնել աուտիզմ ունեցող երեխաներին ձեռք բերել ինքնասպասարկման, շփման և հաղորդակցման հմտություններ[32]։ Չնայած աուտիզմի բուժումը հայտնի չէ[32], սակայն կան երեխաներ, որոնք հաղթահարել են այն[33]։ Աուտիզմ ունեցող մեծահասակներից քչերն են կարողանում ինքնուրույն ապրել, այնուամենայնիվ ոմանք հաջողում են[34]։
Ընդհանուր առմամբ, 2015թվականի դրությամբ, աուտիզմով տառապում են 24.8 մլն․ մարդ[35]։ 2000-ական թվականներին հիվանդների թիվը աշխարհում կազմում էր 1-2 մարդ՝ յուրաքանչյուր 1,000 մարդու հաշվարկով[36]։ Զարգացած երկրներում 2017 թվականի տվյալներով երեխաների մոտ 1.5%-ն աուտիզմ ունի[37]։
Այս ցուցանիշը կրկնակի գերազանցում է 2000 թվականին Միացյալ Նահանգներում աուտիզմ ունեցողների թիվը, որը կազմում էր երեխաների 0,7%-ը[38]։ Աուտիզմը արական սեռի մոտ 4-5 անգամ ավելի շատ է հանդիպում, քան իգական սեռի մոտ[38]։ Աուտիզմ ախտորոշում ունեցողների թիվը կտրուկ աճել է 1960-ական թվականների սկզբին, մասամբ՝ ախտորոշիչ մեթոդների փոփոխությունների շնորհիվ, սակայն իրական աճի հարցն առայժմ անպատասխան է[39]։