Անարխո-կապիտալիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Անարխո-կապիտալիզմ (անգլ.՝ Anarcho-capitalism), քաղաքական գաղափարախոսություն, որը պաշտպանում է պետության և այլ հարկադիր սոցիալական ինստիտուտների վերացումը ինքնիշխանության ազատ շուկայական միջավայրում` հօգուտ անհատի[2][3]։ Անարխո-կապիտալիզմի կենտրոնական դրույթը ոչ հարձակողական սկզբունքն է, որը հայտարարում է սոցիալական բոլոր խնդիրների և կարիքների կամավոր շուկայական լուծում, ներառյալ օրենքի և կարգի հանրային կարիքը։
Այս իմաստով «անարխո-կապիտալիզմ» տերմինը հաճախ հոմանիշ է «ազատականության» հետ, այն արժեքային համակարգ է, որը մշակվել է 1960-ականներից սկսած՝ հիմնված ազատության գաղափարի վրա՝ որպես ագրեսիայի և հարկադրանքի բացակայություն։
Անարխո-կապիտալիզմը մերժում է պետությունը որպես «նստակյաց ավազակ» և դեմ է նրա ֆինանսավորմանը հարկման միջոցով։ Դոկտրինի կողմնակիցները ձգտում են ապահովել անձնական ազատության և մասնավոր սեփականության պաշտպանությունը առանց պետության մասնակցության՝ մասնավոր ձեռներեցների և ձեռնարկությունների (կազմակերպությունների) օգնությամբ, որոնք իրենց գործունեությունը հիմնում են շահույթի դրդապատճառների վրա։
«Անարխո-կապիտալիզմ» տերմինը ստեղծվել է Մյուրեյ Ռոթբարդի կողմից, ով վաթսունականներին սինթեզել է ավստրիական տնտեսագիտության դպրոցի, դասական լիբերալիզմի և 19-րդ դարի ամերիկացի ինդիվիդուալիստ անարխիստներ Լայզանդեր Սփուների և Բենջամին Թաքերի սկզբունքները (միաժամանակ մերժելով նրանց արժեքի աշխատանքային տեսությունը և դրանից բխող նորմերը) նոր քաղաքական փիլիսոփայության մեջ[4][5]։ Թեև որոշ պատմաբաններ, ներառյալ անձամբ Ռոթբարդը, այս անարխիստական շարժման արմատները տեսնում են 19-րդ դարի կեսերին շուկայի տեսաբանների աշխատանքում, ինչպիսին Գուստավ դե Մոլինարին է։
Անարխո-կապիտալիզմի վրա ազդել են շուկայամետ տեսաբաններ, ինչպիսիք են Մոլինարին, Ֆրեդերիկ Բաստիան և Ռոբերտ Նոզիկը, ինչպես նաև ամերիկացի անհատապաշտ տեսաբաններ, ինչպիսիք են Բենջամին Թակերը և Լիզանդեր Սփուները։ Անարխիստական ինդիվիդուալիզմի մշակված ձև է, այն տարբերվում է 19-րդ դարի «Բոստոնյան անարխիստների» ինդիվիդուալիզմից՝ մերժելով արժեքի աշխատանքային տեսությունը (և դրա նորմատիվ հետևանքները)՝ հօգուտ նեոկլասիկական կամ ավստրիական մարգինալիզմի դպրոցի։ Իր հերթին, անարխո-կապիտալիստական գաղափարները նպաստել են ագորիզմի, կամավորության և կրիպտո-անարխիզմի զարգացմանը։ Կան ինստիտուտներ, որոնք շատ սերտորեն կապված են կապիտալիստական անարխիզմի հետ՝ Լիբերտարիական հետազոտման կենտրոնը և Լյուդվիգ ֆոն Միզեսի ինստիտուտը։
Անարխոկապիտալիզմը մինարխիզմի հետ մեկտեղ, լիբերտարիզմի երկու սյուներից մեկն է՝ գաղափարական ուղենիշ, մինչդեռ մինարխիզմը լիբերտարիզմի պրակտիկա է պետության ինստիտուտի գոյության համատեքստում։ Անարխո-կապիտալիզմը նույնպես տարբերվում է անարխիզմի այլ տեսակներից, որոնք ձգտում են վերացնել մասնավոր սեփականությունը և կապիտալիզմի այլ ասպեկտները։