Ալան Օկտավիան Հյում
From Wikipedia, the free encyclopedia
Ալան Օկտավիան Հյում (անգլ.՝ Allan Octavian Hume, հունիսի 4, 1829(1829-06-04)[1][2] կամ հունիսի 6, 1829(1829-06-06)[3], Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1][2], Մոնթրոզ, Montrose, Անգուս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] և Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 31, 1912(1912-07-31)[5][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6]), անգլիացի գաղութարար պաշտոնյա, Հնդկական քաղաքացիական ծառայության աշխատակից, Հնդկական ազգային կոնգրեսի ստեղծման նախաձեռնող[7], գիտնական թչնաբան։ Ստացել է «Հնդկական թռչնաբանության հայր» պատվանունը[8]։
Ելնելով հնդկական Իթավա շրջանում պաշտոնավարելու իր փորձից՝ 1857 թվականին Հնդկաստանում բռնկված սիփայների ապստամբությունը համարել է սխալ կառավարման հետևանք և մեծ ջանքեր է գործադրել հասարակ ժողովրդի կյանքը բարելավելու համար։ Նա գտնում էր, որ հնդիկներին պետք է ինքնակառավարման հնարավորություն տալ, և հենց այդ նպատակով էլ նախաձեռնել է Հնդկական ազգային կոնգրեսի հիմնադրման աշխատանքները, որը, ըստ նրա մտահղացման, պետք է օգներ փոխարքայությանը երկիրը կառավարելու գործում։ Հյումի ղեկավարությամբ Իթավայի շրջանը առաջինների թվում է վերադարձել նորմալ կյանքի և տարիների ընթացքում նրա իրագործած բարեփոխումների շնորհիվ համարվել է զարգացման մոդել-նմուշօրինակ։ Հյումը բարձրացել է ծառայության աստճաններով, 1871 թվականին դարձել փոխարքայության հարկերի, գյուղատնտեսության և առևտրի բաժնի քարտուղար, բայց հանդուգն բնավորության և սուր լեզվի պատճառով 1878 թվականին ազատվել է պպաշտոնից (համարձակվել էր քննադատել փոխարքային՝ լորդ Ռոբերտ Բուլվեր-Լիտտոնին)։
Հյումը հիմնել է Stray Feathers ամսագիրը, որտեղ ինքն ու թղթակիցները հրապարակել են նշումներ, տեղեկություններ, դիտարկումներ Հնդկաստանի տարբեր ծայրերում հանդիպող թչունների մասին։ Բացի այդ, ստեղծել է թռչնանմուշների հսկայական հավաքածու, որը հետագայում նվիրել է Լոնդոնի բնության պատմության թանգարանին. այսօր էլ դա համարվում է հնդկական թռչունների խրտվիլակների ամենաընդարձակ հավաքածուն։ Նա հեետաքրքրություն է հանդես բերել նաև բուսաբանության նկատմամբ և կյանքի վերջին տարիներին հիմնել է Հարավային Լոնդոնի բուսաբանական ինստիտուտը (South London Botanical Institute):