ԱՄՆ-ի պատմություն (1789-1848)
From Wikipedia, the free encyclopedia
ԱՄՆ-ի պատմությունը 1789-1848 թվականներին նշանավորվում է դեպի արևմուտք ամերիկյան էքսպանսիայով։
1789 թվականին նախագահական ընտրություններից հետո Ջորջ Վաշինգտոնը դարձավ ԱՄՆ առաջին նախագահ։ Նրա վարչակարգի առաջին գործը ֆինանսական ոլորտում կարգուկանոնի հաստատումն էր։ Կառավարությունը վերակազմավորեց Կոնգրեսի պարտքերը, որոնք ձևավորվել էին անկախության համար մղվող պատերազմի ընթացքում։ Վերջինս թողարկեց դաշնային պարտատոմսեր՝ իրանացնելով Գանձապետարանի քարտուղար Ալեքսանդր Համիլթոնի ծրագիրը։ Այնուհետև ներդրվեցին նոր մաքսային տարիֆներ և հարկեր, այդ թվում նաև՝ վիսկիի վրա, ինչը երկրի որոշ շրջաններում ընդվզումների առիթ հանդիսացավ։ Բացի դաշնային Գանձապետարանից՝ ձևավորվեցին նաև արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները (դեպարտամենտները), ինչպես նաև նշանակվեց գլխավոր դատախազ (արդարադատության դեպարտամենտը, ըստ էության, ձևավորվել է միայն 1870 թվականին)։ Հետագայում ընդունվել են օրենքներ դաշնային դատարանների, ինչպես նաև Գերագույն դատարանի կազմավորման մասին։ Վերջինս հետագայում (1801-1834 թվականներին դատավոր Ջոն Մարշալի օրոք) դարձավ իշխանության բարձրագույն մարմիններից մեկը։
Վաշինգտոնի վարչակարգի իրականացրած միջոցառումները թույլ տվեցին ձևավորել կայուն պետական իշխանություն, որը հիմնված էր հարուստ առևտրականների և ֆինանսիստների աջակցության վրա։ Սակայն 1801 թվականին իշխանության եկավ Հանրապետական կուսակցության առաջնորդ՝ նախագահ Ջեֆերսոնի վարչակարգը, որը ռևիզիայի ենթարկեց դաշնայինների (ֆեդերալիստների) կառավարության քաղաքականությունը և այնքան թուլացրեց նախկին կառավարող կուսակցությանը, որ այն շուտով վերածվեց քաղաքական մարգինալի։
1812 թվականին ԱՄՆ-ը կրկին հայտնվեց պատերազմի մեջ ընդդեմ Մեծ Բրիտանիայի։ Չնայած առաջին պարտություններին՝ ամերիկացիները կրկին կասեցրին բրիտանական ներխուժումը և վերջնականապես կտրեցին վերջիններիս կապը հնդկացիների հետ, ինչը թույլ տվեց նրանց ակտիվացնել տարածքային ընդարձակումը դեպի արևմուտք։ 1830-ական թվականներին դաշնային կառավարությունը վերաբնակեցրեց հնդկացի բոլոր ցեղերին Միսիսիպի գետից դեպի արևելք ընկած տարածքներից։ Դրանից հետո հնդկացիներին թույլատրվեց բնակություն հաստատել միայն ԱՄՆ-ի արևմտյան նահանգներում։ Դեպի արևմուտք հետագա ընդարձակման արդյունքում ԱՄՆ-ի տարածքները հասան Խաղաղ օվկիանոսի սահմաններին։
1850-ական թվականներին ԱՄՆ-ում քաղաքական անկայունություն էր տիրում։ Տեխասի միացումը ԱՄՆ-ին, ստրկության հիմնախնդրի պատճառով, առաջ բերեց համազգային ճգնաժամ։ Այդ հիմնախդիրը լուծվեց քաղաքացիական պատերազմի ընթացքում։